Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ ՀՀ-ում ժողովրդագրական միտումները չափազանց մտահոգիչ են, մինչդեռ անկախությունից ի վեր քաղաքական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքից հարցը ընթացիկ կեղծ օրակարգերի թելադրանքով երկրորդական պլան է մղվում: Ըստ Ֆարմանյանի՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում «ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ հանրայնորեն չգիտակցված «լավ ապրելու» գաղափարախոսություն է ձևավորվել», որը, հայաստանյան տարբեր իրողություններով պայմանավորված, շատ արագ ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ ապրելու գաղափարախոսություն», ինչը նորաստեղծ ոչ մի պետականության լավ տեղ տանել չի կարող: «Սա առանցքային խնդիր է, որը մեզ սպառնում է ազգային աղետով, եթե ճիշտ հետևություններ չանենք»,-ասաց նա և նշեց, թե դեռևս հարցի գերկարևորության ամբողջական ու համարժեք գիտակցումը չկա: Սամվել Ֆարմանյանն իր մասով ասաց, թե առաջիկայում պատրաստվում է ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր խնդիրը համարում են գերառաջնահերթություն:

-Պարո՛ն Ֆարմանյան, որքանո՞վ են Հայաստանում սրված ժողովրդագրական խնդիրները և համաձա՞յն եք այն գնահատականների հետ, որ Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի առջև է կանգնած:

-Հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ որպես անկախ պետական միավորում, այսօր ավելի կարևոր առաջնահերթություն, քան ժողովրդագրական ներկայիս միտումներն են, պարզապես գոյություն չունի: Երկարաժամկետ հեռանկարում շատ մեղմ է նույնիսկ ճգնաժամ որակում տալը: Ցանկացած անկախ պետության համար իր հզորության չափման բանաձևը՝ ունեցած տարածքից, տնտեսական կարողություններից, անվտանգության երաշխիքներից (զինված ուժեր և այլն) առավել, բնակչության չոր թվաքանակն է, որն ի վերջո պայմանավորում է և՛ այդ տարածքի պաշտպանությունը, և՛ տնտեսության ծավալը, և՛ ածանցյալ այլ բաղադրիչները: Դեմոգրաֆիական միտումները չափազանց մտահոգիչ են, և ցավով եմ նկատում, որ անկախությունից ի վեր հասկանալի և ոչ այդքան հասկանալի պատճառներով, որոշ կղզիացած մտահոգություններ մեկ կողմ դրած՝ խնդիրը չի եղել մեր քաղաքական, գիտական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքում, և կարծում եմ՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Մենք ապրում ենք պատմական մի այնպիսի բախտորոշ շրջափուլում, որտեղ ուղղակի պարտավոր ենք քարտեզագրել ու հասկանալ այդ շրջափուլի առանձնահատկությունները, ժողովրդագրական միտումների դերն այդ ամենում: Բայց քանի որ մեր քաղաքական էլիտան չունի այն որակները՝ նկատի ունեմ հավասարապես և՛ քաղաքական իշխանությանը, և՛ քաղաքական ընդդիմությանը, իսկ ժամանակաշրջանն էլ, որում ապրում ենք, ըստ էության կարելի է բնորոշել որպես ինտենսիվ տեղեկատվական հոսքերի շրջափուլ, մենք իրավիճակի դինամիկ զարգացման զարկերակը կորցրել ենք, զբաղված ենք մեկօրյա կամ մեկշաբաթյա կյանք ունեցող «կեղծ» օրակարգերի մատակարարմամբ, սնուցմամբ և սպառմամբ՝ չնկատելով, չգիտակցելով պետականության տեսանկյունից մնայունն ու հիմնարարը: Այսօր խոսում ենք մի խնդրի մասին, վաղը երկրորդ, հաջորդ օրը՝ երրորդ և այդպես շարունակ: Արդյունքում ժամանակը գնում է, և ժողովրդագրական միտումների առումով խնդիրները ծայրաստիճան խորանում են: 

-Որպես հիմնական խնդիր նշվում է միգրացիան: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են Հայաստանից հեռանում, և որո՞նք են խնդրի հիմնական գործոնները:

-Մենք ապրում ենք ինտենսիվ գլոբալիզացիայի էպոխայում, որը ենթադրում է նախևառաջ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունք, երբ մի կողմից վերանում են կամ խորհրդանշական են դառնում պետությունների միջև սահմանները, ամեն կերպ խրախուսվում է մարդկանց ազատ տեղաշարժը, մյուս կողմից էլ պետությունները, վերպետական միավորումները մշակում են քաղաքականություններ, որոնք միտված են մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացմանը կամ ընդհանրապես վերացմանը: Երկրորդ կարևոր հանգամանքը հայկական ավանդական սփյուռքի առկայությունն է Հայաստանին մոտ կամ հեռու աշխարհագրական միջավայրերում: Այստեղ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե ավանդական սփյուռքը ձևավորվել է Ցեղասպանության հետևանքով և դրան հաջորդած տասնամյակում և աշխարհի տարբեր մայրցամաքներում ու պետություններում հիմնականում ներկայացնում էր Արևմտյան Հայաստանից սերված սերունդը, ապա ՀՀ անկախությունից հետո տեղի ունեցած արտագաղթի ալիքի արդյունքում (իսկ այդ ժամանակներից համարյա թե մեկ սերնդի կյանք է անցել, և այդ ժամանակաշրջանում արտագաղթած մեր հայրենակիցները հիմնականում հարմարվել են հյուրընկալ երկրի պայմաններին, կայացել, ստեղծել սեփական կարողություններ և կարելի է ասել` կանգնել սեփական ոտքերի վրա), հաշվի առնելով նաև մեր՝ հայերիս էթնոհոգեբանական առանձնահատկությունները՝ ամուր ընտանեկան և ազգակցական կապեր, վառ ընկերական հարաբերություններ և այլն, կարելի է ասել, որ սփյուռքը մագնիսի նման շարունակաբար ձգում է բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով ունեն արտագաղթելու մոտիվացիա: Սա մի մահաբեր դինամիկա է, որը պետք է կանգնեցնել:

Դեմոգրաֆիական խնդիրների մեկ այլ պատճառ, անշուշտ, արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելն է: Մենք մեր հայրենիքի այս հատվածն ամեն օր արյան գնով պահելու և ազատ ապրելու մեր իրավունքն ամեն օր վերահաստատելու խնդիր ունենք: Շատ բնական է, որ հատկապես այն ընտանիքներում, որոնք տղա երեխա ունեն՝ մտահոգված լինելով առաջնագծում առկա իրավիճակի անկանխատեսելիությամբ, որը բնորոշ է ոչ միան ՀՀ-ին, այլ զինված հակամարտության մեջ գտնվող աշխարհի շատ հասարակություններին, դարձել է ժողովրդագրական միտումները բացասական առումով խթանող ևս մեկ կարևոր հանգամանք: 

Դեմոգրաֆիական ներկա միտումները սնուցող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի՝ արտաքին և ներքին: Արտաքին գործոնների շարքում, բացի վերը թվարկածները, կառանձնացնեի նաև այն, որ ոչ միայն ՀՀ-ն է կանգնած ճգնաժամի առջև, այլ մեզանից շատ ավելի զարգացած և կայուն տասնյակ երկրներ, և այդ երկրներն այսօր վարում են ներգաղթի ակտիվ քաղաքականություն, այսինքն՝ պետական քաղաքականությամբ փորձում են այնպիսի նպաստավոր պայմաններ ստեղծել, որ իրենց երկրներ պիտանի մարդիկ ներգաղթեն ու ապրեն հենց իրենց երկրներում: Նաև այդ պատճառով է, որ մեր երկրում արտագաղթում են ոչ միայն սոցիալական դժվարություն ունեցող, կամ աշխատանք չունեցող մարդիկ, այլ երբեմն և՛ լավ վաստակող, և՛ հեռանկար ունեցող երիտասարդներ, ովքեր աշխատանքային արտադրողականության ամենավերին և բնական վերարտադրության ակտիվ տարիքում են: Գործոնները տասնյակներով, հարյուրյակներով էլ կարելի է թվարկել: Պատկերն այնքան պարզ է, որ անգամ դրա կարիքը չկա: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել