Panorama.am-ն իր ընթերցողին է ներկայացնում Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման և գործունեության պատմությունը՝ մարդկային ճակատագրերի հուզիչ ու սրտաշարժ դրվագներով։
Հաջորդիվ կներկայացնենք նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատմությունը։
93-ամյա Նորա Բաղդասարովան ցույց է տալիս զինվորական համազգեստով մի երիտասարդ կնոջ լուսանկաը, որին նայելիս դժվար է հավատալ, որ դա հենց ինքն է:
«Ես մասնակցել եմ Մեծ Հայրենական պատերազմին, ավիացիայում եմ եղել», - պատմում է նա ու պահարանից հպարտությամբ հանում տասնյակից ավելի մեդալներով զարդարված կոստյումը:
Տիկին Նորան և ևս 119 միայնակ փախստական հանրակացարանաբնակ ծերեր «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում օգնություն են ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից:
Երիտասարդ կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:
«Կարմիր խաչի աղջիկներն ու տղաները ամեն ինչով մեզ օգնում են, զրուցում են մեզ հետ, տանում են զբոսանքի, թատրոն, կինո, եկեղեցի: Թերթ են կարդում մեզ համար», - ժպիտով ասում է նա: Ծանր պայմանները չեն վհատեցրել հերոս կնոջը, նա պատրաստ է սիրով պատմել իր կյանքի պատմությունը, և թե ինչ կարևոր են իր համար Կարմիր խաչի կամավորների այցելությունները, որոնց վաղուց թոռնիկ է կոչում:



