Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն: Ավելին` որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ ուշադրություն դարձնելով գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարել է սահմանել վերահսկողություն 1-ին կետով սահմանված պահանջի և ծրագրի կատարման նկատմամբ, իրականացնել գործընթացի համակարգման և ամփոփման աշխատանքները և պարբերաբար զեկուցել կատարման ընթացքի մասին:
«Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք, մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառենք»,-նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է:
Նյութի աղբյուր՝ http://www.gov.am/am/news/item/13076/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել