Չզարմանաք, այս խնդրանքի հեղինակը ոչ թե միջնադարում ապրող ինչ-որ իսպանուհի է, որի ընտանիքն ինկվիզիցիայի ճիրաններից փրկելու համար զոհաբերում է որդուն, այլ 21-րդ դարում ադրբեջանցի մի մայր, որի նամակն՝ ուղղված ապշերոնյան բռնապետին, հրապարակել են գրեթե բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, նախկին դատախազ Վիդադի Իսքենդերլիի մայրը՝ Հաբիբա Իսքենդերովան, և եղբայրը՝ Իսֆենդիյար Իսքենդերովը, նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում իրենց բարեկամի գործունեությունից, ով ստահոդ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի մասին, և հրաժարվում են իրենց բարեկամից, ով իր հակաօրինական գործունեությամբ պախարակում է Իսքենդերլիների ցեղը։ Իսկ նամակի վերջում Թբիլիսիում պատսպարված Վիդադի Իսքենդերլիի մայրը և եղբայրը խնդրում են Ադրբեջանի իշխանություններին «օգնել վերացնել իրենց խայտառակող յադ խարանից»։ Այսինքն՝ ընդդիմադիր գործչի մայրը խնդրում է Ալիևին սպանել իր որդուն։
Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ միայն դեռ այս ճնշման մեթոդին չէին դիմել։ Ընդդիմադիրներին սպանել են ու սպանում են մինչև հիմա, բայց այն չէին անում բարեկամների և հարազատների պատվերով։ Բազմաթիվ են նաև դեպքերը, երբ Ադրբեջանում ապրող ընդդիմադիր գործիչների բարեկամները դիմում են իշխանություններին և հրաժարվում իրենց բարեկամից, բայց նրան ֆիզիկապես վերացնելու խնդրանքն առաջինն է։
Համոզված եմ, որ այս նամակի հեղինակները նստում են հենց Ալիևի աշխատակազմում, իսկ Իսքենդրելիի մայրը, եղբայրը և մյուս բարեկամները Իլհամ բաբայի գերիներն են, որոնց նվաստացնելով և նրանց անունից այսպիսի նամակներ հրապարակելով՝ Ալիևների ընտանիքը հաշվեհարդար է լինում ընդդիմադիր գործչից, իսկ Ինսքենդերլիի մայրը, ինչպես միջնադարում ապրող իսպանուհին, փորձում է իր որդուն զոհաբերելով փրկել ընտանիքի մյուս անդամներին, բայց այս անգամ ոչ թե կրոնավոր ինկվիզիտորներից, այլ քաղաքական ֆաշիստից՝ Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ Ալիևից։
Այսքանից հետո դեռ որևէ մեկը կարող է համոզել հայերին, որ վերջիններս կարող են ադրբեջանցիների հետ համերաշխ ապրե՞լ Իլհամի բռնապետությունում։ Իլհամ Ալիևը չի խնայում իրեն քննադատող ազերիներին, էլ ուր մնացին հայերը։

Հ.Գ. Վիդադի Իսքենդերլիի բախտը, որքան հասկացա, չբերեց՝ ի տարբերություն Ալիևի կողմից Թբիլիսիից գողավցած և Բաքվում հայտնված ևս մեկ ընդդիմադիրի՝ Աֆղան Մուխթարլիի, որը բանտում է, բայց դեռ ողջ է։ Վիդադիին մահապատժի ենթարկելու մասին որոշումն Ալիևը կայացրել է նրա մոր անունից, և չեմ զարմանա, եթե այն շուտով իրականացավի։ Վիդադին կարող է միամիտ տեղը վրաերթի ենթարկվել Թբիլիսիի փողոցներից մեկում, գազի արտահոսքից թունավորվել ընկերների հետ նարդի խաղալիս, կաթված ստանալ և այլն։ Մահապատժի ձևն էլ կընտրեն սուլթան Իլհամը և սուլթանուհի Մեհրիբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել