Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավեց Երևանի ՊՊԾ գունդը։ Արդյունքում եղան զոհեր ու վիրավորներ։ Այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածը քննարկումների ու վերլուծությունների թոփ թեմաներից էր։ Ի՞նչ շահեցին Ծռերը, ինչպիսի՞ վնասներ եղան դրա արդյունքում, ՊՊԾ գնդի գրավումն արդյո՞ք ներքաղաքական ներկապնակում փոփոխություն մտցրեց, 3 ոստիկանների մահը ծռերի խղճի վրա՞ էր, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ անընդհատ կարծիքներ են հնչում։ Փաստը մնում է փաստ, սակայն ՊՊԾ գնդի գրավումը նոր ենթավերնագիր բացեց ՀՀ քաղաքական օրագրում։
Դեպքերից մեկ տարի անց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հստակեցում է մտցնում ապստամբ տերմինի վերաբերյալ և ոչ միայն։ Վերջինս քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել, որում, ի թիվս մի շարք թեմաների, խոսում է նաև այս հարցի մասին․ «Ապստամբ քաղաքացին հանցագործ պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կամ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելիս պարտավոր է վարվել այնպես, ինչպես իրավական ու ժողովրդավարական պետությունում պարտավոր է վարվել ոստիկանը հանցագործին չեզոքացնելիս»։ Ապա հավելում է, որ ապստամբ քաղաքացին բռնություն պետք է կիրառի միայն անհրաժեշտության դեպքում՝ ձգտելով արդյունքի հասնել առանց վնաս հասցնելու կամ հնարավորինս նվազ վնաս պատճառելով։ Սակայն, եթե առկա է դիմադրություն կամ դիմադրության ռեալ սպառնալիք, ապա ապստամբը կարող է կիրառել դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ծավալի և ինտենսիվության բռնություն, այդ թվում՝ կյանքից զրկել դիմադրողին։
Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք նամակը, ապա Վարուժան Ավետիսյանի նման ձևակերպումը կարելի է համարել մեկ տարի առաջ տեղի ունեցածի հանրային հաշվետվություն։ Ավետիսյանը բացատրում է, թե որ դեպքերում է սպանությունն անխուսափելի, որն իր մեջ պարունակում է նաև այն հարցի պատասխանը, թե մեկ տարի առաջ այս օրերին ՊՊԾ գնդում ինչու սպանվեց 3 ոստիկան։ Սա փաստացի խոստովանություն է, որ 3 ոստիկանները սպանվել են ապստամբությանը դիմադրելու արդյունքում։
Այստեղ, սակայն, մի կարևոր նրբություն էլ կա․ մենք ականատես ենք լինում «Սասնա ծռերի» ու նրանց համակիրների կարծիքների դե ֆակտո բախմանը։ Կողմնակիցներն անընդհատ պնդում են, որ սպանված ոստիկաններից առնվազն երկուսը մահացել են կասկածելի հանգամանքներում, այնինչ Վարուժան Ավետիսյանը փաստացի բացատրություն է տալիս, թե ինչու են տեղի ունեցել այդ մարդկանց սպանությունները՝ կասկածի տակ չդնելով շրջանառվող տեսակետը։ Դա արտացոլվում է Ավետիսյանի հետևյալ խոսքերում «Ապստամբը կարող է կիրառել դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ծավալի և ինտենսիվության բռնություն, այդ թվում՝ կյանքից զրկել դիմադրողին»։
Միևնույն է, այս հարցը մշտապես կարելի է քննարկել, համաձայնել կամ չհամաձայնել սպանության վերաբերյալ բերվող փաստարկների հետ, սակայն ակնհայտ է, որ Ավետիսյանի այս արտահայտությունը նոր բացահայտումներ է ի հայտ բերում քննարկումներում։