Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իսպանական «Marca» պարբերականին:

-Լինելով հայ ամենահայտնի ֆուտբոլիստն աշխարհի մեծագույն ակումբներից մեկում՝ զգո՞ւմ ես հավելյալ ճնշում ամեն շաբաթ լավ հանդես գալու համար:

-Դա մեծ պատիվ է, սակայն նույն ժամանակ պատասխանատվություն: Պատիվ է իմանալ, որ ամբողջ ազգն ինձ հետ է, սակայն պատասխանատվություն է միշտ լավ ելույթ ունենալ՝ նրանց ոգին բարձր պահելու համար: Յուրահատուկ զգացողություն է տեսնել, թե ինչպես են մարդիկ հպարտանում քեզնով, սակայն երբ դաշտ եմ մտնում, կենտրոնանում եմ միայն խաղի վրա:

-Կարիճ հարվածը քո լավագո՞ւյն գոլն է: Կփորձե՞ս կրկնել այն:

-Կարիճ հարվածով գոլը լավագույնն է, սակայն իմ ամենակարևոր խփած գնդակը Եվրոպա լիգայի եզրափակչին է: Կարիճ հարվածը նախապես չէի ծրագրել: Այդ պահին միայն այդպես կարող էի հարվածել:

-Ի՞նչ ես սովորել Մանչեսթերում անցկացրած ժամանակ և ինչպե՞ս կարող ես բարելավել քո խաղը:

-Ամեն օր շարունակում եմ սովորել և չկան սահմանափակումներ առաջադիմելու համար: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել, ինչպես դա արել եմ ամբողջ կարիերայիս ընթացքում:

-Ինչի՞ կարող է հասնել «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկող մրցաշրջանում:

-Մեր նպատակն է հաղթել ամեն խաղում, և հույս ունենանք այդպես էլ կլինի բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգան մեր թիմի ԴՆԹ-ում է: «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգան է և Չեմպիոնների լիգան «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել