Սպառազինության մրցավազքը և ոչ մի կերպ չի կարող ԼՂՀ կոնֆլիկտի լուծման համար դրական ֆոն ապահովել։ Ահա այստեղ է ամենամեծ բացթողումը, որի նախաձեռնողը, հաստատ, հայկական կողմը չէ։ Ադրբեջանի հռետորաբանությունն է խոսել հակառակորդի հետ զենքի լեզվով, ինչին պատասխանելը հայկական կողմի համար մնում է ուղղակի ստիպված քայլ։
Երեկ Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի գլխավոր կուրատորներից մեկը՝ ռուս ազգայնական քաղաքական գործիչ Ալեքսանդր Դուգինը, հարցազրույցում նշել է, որ Հայաստանը այլընտրանք չունի ու պետք է տարածքային զիջումների գնա՝ ելնելով ռացիոնալ քաղաքականությունից։ Պարոն Դուգինի խոսքերին շատ չենք ուզում անդրադառնալ (դա մեծ ճոխություն կլիներ վերջինիս համար), պարզապես մեկ հարցի կանդրադառնանք։ Այս մարդը նշում է, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմում տարածքային խնդիրներ է լուծել ու որոշակի հաջողությունների հասել, ինչը հայկական կողմի համար պետք է որ հիմք հանդիսանար, որ տարածքների զիջումն այլընտրանք չունի։ Դա միակ ճանապարհն է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Հիմա տեսեք, Դուգինը սրանով կա՛մ փափուկ բարձ է դնում Ադրբեջանի գլխի տակ, կա՛մ էլ իսկապես մոլորված է։ եթե Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն իրապես հավատում է, որ հաջողությունների է հասել, ուրեմն՝ թող այդպես էլ շարունակի կարծել, պարզապես հաջորդ էսկալացիայի ժամանակ, հուսանք, չեն բողոքի հայկական ագրեսիայից։ Այս անգամ, հաստատ, կեսից չի կանգնելու հայկական զորքը։ Սրա վերաբերյալ պարոն Դուգինը նշում է, թե ապրիլյան դեպքերի ժամանակ Ալիևն է կանգնեցրել կռիվը, ու չի էլ հիշում, թե ինչպես էր Զաքիր Հասանովը գլխապատառ հասել Մոսկվա ու զինադադար էր կնքում։
Մի խոսքով՝ մեր ռազմավարական դաշնակից երկրում, փաստորեն, իրենց ուղեղային կենտրոն համարող մարդիկ կան, որոնք կա՛մ կարծում են, կա՛մ իմիտացիա են անում, որ Ադրբեջանն ի վիճակի է կարգավորելու ԼՂՀ խնդիրը, իսկ Ռուսաստանը կարող է նպաստել դրան։ Այս ամենի հիմքում նա տեսնում է Ռուսաստանին, քանի որ առանց նրա այս հարցը լուծում ունենալ չի կարող։