Այս օրերին ակամա իմ գրառումները քաղաքին են վերաբերում: Կարծում եմ՝ դա հասկանալի է: Իմ նախորդ երկու գրառումներում ես անդրադարձել էի Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական և քաղաքային նշանակությանը, խոսել էի քաղաքական մրցակցության, հակակշիռների մասին, ինչպես նաև նշել էի քաղաքին վերաբերող խնդիրների բնույթները՝ կենցաղային, ճարտարապետական, բյուրոկրատական-կազմակերպչական և ֆինանսական ու ներդրումային: Վերջին գրառման մեջ խոսել էի կոնկրետ խնդիրների լուծման մասին:
Գործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ լինի արտաքին քաղաքականություն, թե քաղաքի կառավարում, անհրաժեշտ է, որ ունենա գաղափարական հենք, որը խարիսխ լինի ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ի՞նչը կարող է լինել այդ խարիսխը քաղաքի դեպքում, որը լինի քաղաքապետի և ավագանու գործունեության գլխավոր ուղենիշը:
Նախ պետք է կարողանալ ճիշտ սահմանել քաղաքի իմաստն ու նշանակությունը, քաղաքի գաղափարի զարգացման ընթացքը, կենտրոն – ծայրամաս հարաբերակցությունը: Ժամանակակից քաղաքի գաղափարը և կազմակերպչական բնույթը հասնում է ուշ միջնադար: Այն ունի մեկ հիմնական նպատակ՝ հարմարավետ պայմաններ ստեղծել բնակիչների համար:
Երկրորդ, մեզանից յուրաքանչյուրը՝ լինի կառավարիչ, թե քաղաքացի, պետք է հարգի և սիրի իր քաղաքը: Այն պետք է դիտարկի որպես իր մեծ տուն: Այն, ինչ մենք մեզ թույլ չենք տա անել մեր սեփական տանը, չպետք է թույլ տանք անել նաև մեր մեծ տանը՝ քաղաքում:
Երրրոդ, վերջիվերջո ամեն ինչ հանգում է անհատին ու հասարակությանը ծառայելուն: Ինչպես 16-րդ դարում իտալական վերածննդի գաղափարական հենքը անհատն ու նրա արժանապատվությունն էր, ինչը և հանգեցրեց գեղարվեստական և գիտական փայլատակումների, այնպես էլ այսօր մեր գործունեության կենտրոնում պետք է լինի անհատը: Իսկ անհատին ծառայելու նպատակը պետք է լինի նրա համար արժանապատիվ կյանք ապահովելը: Այս բառն իր բովանդակությամբ այնքան ընդգրկուն է, որ ներառում է առօրյա կյանքի բոլոր ոլորտները: Արժանապատիվ ապրել նշանակում է քայլել լուսավոր և մաքուր փողոցում, զբոսնելու և հանգստանալու վայր ունենալ, տրանսպորտում կքած չերթևեկել, տասնչորս հարկ ոտքով չբարձրանալ, վերելակ նստելիս չվախենալ, որ այն կընկնի, ստիպված չլինել շենքին կից աղբակույտի միջով անցնել և այլն:
Բայց որպեսզի արժանապատվության գաղափարը վերացական չլինի, քաղաքի ղեկավարներն իրենց առօրյա գործունեությամբ իրենց պետք է դնեն սովորական քաղաքացու վիճակում՝ երթևեկեն նաև հանրային տրանսպորտով, քայլեն քաղաքի փողոցներով, չխուսափեն անձնապես մարդկանց հետ շփվելուց և հնարավորինս շատ մասնակցություն ունենան քաղաքում տեղի ունեցող տարբեր մեծ ու փոքր միջոցառումներին:
Մի խոսքով, քաղաքի ղեկավարները պետք է ապրեն նաև սովորական քաղաքացու առօրյայով, որպեսզի ավելի լավ հասկանան և լուծեն առկա խնդիրները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/582562771754917
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել