Հետաքրքրիր և տարօրինակ զգացումով առավոտվանից, չգիտես ինչու, մտքովս անընդհատ Խորհրդային Հայաստանի կոմկուսի ղեկավար Աղասի Խանջյանն էր, մի յուրահատուկ զգացողություն ունեի. միայն օրվա երկրորդ կեսին ուղեղս փայլատակեց և հիշեցի` 1936 թվականի հենց այս օրը նրա աճյունը հանձնեցին հողին: Մի քանի դիտարկմամբ խոսեմ մեծ հայորդու մասին:
Արդեն ոչ ոք հաստատ չի իմանա՝ ինչու էր Բերիան համարձակվել գնդակահարել նրան իր գրասենյակում: Ամենայն հավանականությամբ, չուներ այլ ելք. երևի սպառնացել էր Խանջյանին՝ փորձելով կոտրել նրան, ստիպել դառնալ իր խամաճիկը, իսկ նա չէր համաձայնել: Ուստի Բերիան տեղնուտեղը լուծել էր հարցը՝ հասկանալով, որ Խանջյանը սենյակից դուրս գալուց հետո չի լռի:
Ականավոր մարդիկ հաճախ պարուրված են առասպելներով. ժողովուրդը դրանց նկատմամբ երբեմն ունենում է այնպիսի խորը հավատ, որ որքան էլ ակնհայտորեն լինեն անհավանական, միևնույն է, անհնար է տարհամոզել: Օրինակ՝ Խանջյանի հանդեպ Կիրովի ջերմ վերաբերմունքի պատճառը համարում են այն, որ նրանց կանայք քույրեր էին: Չնայած սա մի տեսակ լեգենդ է:
Կիրովը Տիրոջ (Ստալինի) գլխավոր ախոյանն էր կուսակցական ու պետական գլխավոր դիրքը գրավելու հարցում, այդ պատճառով էլ դարձավ «դավադիրների՝ ԽՍՀՄ թշնամիների» զոհը, ինչպես գրեցին նրա մահվան մասին պաշտոնական հայտարարության մեջ: Խանջյանը թեպետ ապրեց ևս երկու տարի, բայց, մեկ է, նրան, ի շարս այլոց, չներեցին նաև այս ընկերական կապը:
Խանջյանին դեռ չէին թաղել, երբ կենտկոմը գումարեց Անդրկովկասի շրջկոմի գրասենյակի նիստ: Ներկա էին կենտկոմի, Երևանի քաղկոմի և շրջկոմների անդամները, Հայաստանի կուսկոմների քարտուղարներն ու շրջանների գործկոմների նախագահները: Նիստը բացելիս Անդրկովկասի շրջկոմի երկրորդ քարտուղար Կուդրյավցևը բարձաձայնեց. «Խանջյանն ինքնասպանությամբ անցավ մեր թշնամիների ճամբարը, դարձավ նրանց դրոշակակիրը»: Այս խրատական խոսքով էլ որոշվեց ամբողջ քննարկման ընթացքը: Եղավ քսանի չափ ելույթ. բոլորը սատարեցին նրան:
Բերիա. «Աղասին թողել է երկու նամակ՝ ինձ ու կնոջը: Ինձ ուղղված նամակում Խանջյանն անկեղծորեն խոստովանել է, որ կուսակցական կոլեգիայում Ստեփանյանի գործի քննման ընթացքում թույլ է տվել կուսակցական ղեկավարի համար անթույլատրելի վրիպում: Դրանից բացի՝ Խանջյանը խոստովանել է, որ այլևս չունի աշխատանքը շարունակելու ուժ, ուստի խնդրում է կուսակցությանը ներել իրեն… Մահից առաջ թողած գրությունում մաղթել է հայրենիքին բարգավաճում ընկեր Ստալինի ղեկավարության ներքո:
Խանջյանին թաղեցին հուլիսի 12-ին: Չէին կարող չկազմակերպել հրաժեշտի պաշտոնական արարողություն և քաղաքացիական հոգեհանգիստ, թեպետ Բերիային հավատարիմ իշխանական մարմինները վախենում էին թաղումից, ու նրանց մտավախություններն իրականացան: Խանջյանի դագաղին ընդառաջ եկավ ահռելի ու ահագնորեն մեծացող ամբոխ: Բնականաբար, ոչ ոք չէր հավատում ո՛չ ինքնասպանությանը, ո՛չ էլ իբր Խանջյանի գրած մեղայական երկու նամակներին, որոնցում խոստովանում էր իր սխալները: