
Մարտի 25-ին «Բոհեմ» թատրոնում կայացավ դերասան, հումորիստ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» երկրորդ stand-up comedy show-ն։ Մխիթարյանն անկեղծացավ՝ խոսելով բարեկամներից, ամուսնության մասին հարցերից, ապագա հարսանիքի պատկերացումներից և այլ մի շարք կենցաղային հարցերից, որոնք հոգեհարազատ էին հանդիսատեսին։
BlogNews.am-ը ներկա է եղել երեկոյին և զրուցել դերասանի հետ:
Մհեր Մխիթարյանը նախորդ ամիս երկրպագուներին ներկայացավ նաև «Բարի օր 2» ֆիլմով, որը բավականին սիրվեց։
Դերասանը մեզ հետ զրույցում խոսեց ֆիլմերի և սթենդ ափ ներկայացումների տարբերության և դրանց առանձնահատկությունների մասին. «Ի տարբերություն կինոյի՝ այստեղ դու հնարավորություն չունես մոնտաժի, դուբլ անելու: Այստեղ լայվ ձևաչափ է, հանդիսատեսը նստած է, ինչ ասեցիր ասեցիր, էլ բան չես կարող փոխել: Երկուսում էլ բարդություններ կան, բայց քանի դեռ գործդ սիրով ես անում, ամեն բան հաղթահարելի է»:
Դերասանը չգիտի՝ դեռ քանի ներկայացում էլ կխաղա, ամեն բան կախված է հանդիսատեսի գնահատականից. «Ինչքան լինի պահանջարկը, այդքան էլ կշարունակվի, հստակ ժամկետներ դեռ չկան»:
Մեզ հետ զրույցում Մհերն ամբողջ սթենդ ափից առանձնացրեց վերջին հատվածը՝ հարսանիքի թեման. «Մի քիչ շատ իմ սրտից էր, իհարկե բաներ կային, որ չափազանցված էր, բայց իրականին մոտ էր: Մնացածը ավելի ուռճացված էր ներկայացված»:
Մհերը նշեց, որ բացթողումներ չունեն, ամեն բան հարթ է ընթացել. «Ինչ ի սկզբանե պլանավորված էր, արել ենք, քանի որ հումորը գրելուց արդեն իսկ հասկանում ես՝ այն կծիծաղեցնի, թե ոչ: Այս դեպքում լավ, ստացված հումորները ներառել էինք, ինչն իր արդյունքը տվեց»:
Նշենք, որ մարտի 26-ի ներկայացման բոլոր տոմսերն արդեն սպառված էին: