Վրացական Manifest.ge կայքը հուլիսի 9-ին պահանջագիր է տեղադրել իր կայքում, որով պահանջում է երկիր այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներին ստորագրել մի փաստաթուղթ, որով վերջիններս Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչում են որպես Վրաստանի մասեր: Վրաստան այցելող այն զբոսաշրջիկները, ովքեր չեն ստորագրի այդ փաստաթուղթը, թույլտվություն չեն ստանա մուտք գործել երկիր: «Այդ փաստաթուղթն իրավական հետևանքներ չի ունենալու, բայց մենք կպարզենք Վրաստանին թշնամաբար վերաբերվողներին», -հայտարարել են պահանջագրի հեղինակները: Մինչև հիմա այդ պահանջագիրը ստորագրել է 5,4 հազար օգտատեր:
Կարծում եմ՝ բացի բացասական հետևանքներից՝ այդ պահանջագիրը որևէ օգուտ Վրաստանին չի կարող բերել: Ինչպես շատ ճիշտ նշել է Ռուսաստանի Զբոսաշրջային ոլորտի միության մամլո խոսնակ Իրինա Տյուրինան, եթե Վրաստանում այդ ամենն օրինականացվի, ապա ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը Վրաստան կտրուկ կնվազի, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրողները դեռ չգիտեն, թե որտեղ և երբ այդ թղթերն ի հայտ կգան:
Հավելեմ, որ 2016 թ-ի տվյալներով՝ մոտ 1 միլիոն ռուսաստանցի է այցելել Վրաստան: Ռուսաստանը Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով զբաղեցրել է 4-րդ տեղը Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից հետո:
Շատ լավ կլինի, եթե մեր արևելյան հարևաններն էլ այդպիսի օրենք ընդունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել