Բաքու է հասել ռուսական արդի զենքերի հերթական խմբաքանակը, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հայկական կողմերին զենքերի մրցավազքով «հյուծելու», ինչպես նաև հակառուսական ալիք բարձրացնելու` հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու քաղաքականությունը։
ՀՀ-ի դաշնակից ՌԴ-ի կողմից Բաքվին զենք մատակարարելն առաջացնում է հայ հասարակության արդարացի բացասական արձագանք ու մեծացնում ռուսաֆոբ տրամադրությունները. հենց դա է Ադրբեջանի նպատակը` Երևան-Մոսկվա հարաբերություններում ստեղծել բացասական ֆոն։ Հասարակական կարծիքը ճնշելու է հայկական իշխանություններին, ու նրանք սկսեն կա՛մ խուսանավել` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ սերտացնելով, Մոսկվայից «կարմիր քարտ» ստանալու վտանգը հաշվի չառնելով, կա՛մ հանդես գալ ՌԴ-ի` Բաքվին զենք վաճառելու էլ ավելի սուր քննադատությամբ` կրկին ռուս-հայկական հարաբերություններում ստեղծելով բացասական ֆոն։ Բաքուն ռուսական կողմից կանխամտածված է զենք գնում. նրանք ունեն այնքան գումարներ (ի դեպ, գնում են նաև այլ երկրներից), որ կարող են զենք գնել անգամ Ասիա ու Ամերիկա մայրցամաքներից, Աֆրիկայից (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն և այլն), սակայն այդ զենքը գնում են ռուսական կողմից, Մոսկվան էլ մեծ սիրով այդ գործարքը անվանում է բիզնես (бизнес-ничего личного)։
Ադրբեջանի նպատակն է ցույց տալ հայ հասարակությանը` «տեսեք, դարավոր բարեկամ ՌԴ-ն՝ ՀԱՊԿ-ի անդամն ու դաշնակիցը, մեզ մեծ քանակությամբ զենք է վաճառում` արդի ու հզոր, որով էլ մենք հարվածում ենք Ղարաբաղին»։
Ինչևէ, Բաքուն զենքերի մեծ մասը չի կիրառելու ղարաբաղյան ճակատում, դա հնարավոր է միայն լայնածավալ ռազմական գործողությունների` երկարատև պատերազմի դեպքում, ինչին Բաքուն չի գնա. միլիարդավոր դոլարներ են ներդրվել նավթագազային, երկաթգծային նախագծերում, որտեղից սնվում է թե՛ Ադրբեջանի բյուջեն, թե՛ Ալիևի կլանը։ Նրանք «չեն կրակի սեփական ոտքին»։ Հայկական զինուժը շարքից կհանի բոլոր նավթագազային խողովակները, կհարվածի նավթային հանքավայրերին ու վերջ կդնի ադրբեջանական տնտեսություն կոչվածին։ Բաքուն այդ զենքերը գնում է վերոնշյալ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու, ինչպես նաև ՀՀ-ին ստիպելու առանց այն էլ սահմանափակ բյուջեից նոր գումարներ հատկացնել սպառազինությունների մրցավազքին դիմանալու համար, ՌԴ-ն էլ բավականին արտոնյալ գներով զենք է վաճառում ՀՀ-ին կամ այն տրամադրում որոշակի ժամկետում մարելու պայմանով։ Երևանն ուժեղացնում է իր միակողմանի ռազմա-տեխնիկական կախվածությունը Մոսկվայից. ՌԴ-ին դա ձեռնտու է։
Բաքուն Ղարաբաղի դեմ կիրառելու է մանր և միջին սադրանքների քաղաքականությունը` զոհեր պատճառելով առաջնագծում` օգտագործելով թե՛ անօդաչուները, թե՛ հրթիռները` իսրայելական սփայք և այլն, ինչպես նաև դիպուկահարներին։
Հայկական առաջնագիծը ուժեղացվել է տարբեր միջոցներով. ապրիլյան քառօրյայում կիրառված անսպասելիության գործոնը` հանկարծակիի բերելու ռազմավարությունն, արդեն չի աշխատի: Հայկական կողմը բավականին մեծ խորությամբ տեսնում է Ադրբեջանի զորքերի տեղաշարժը։ Դրա համար նրանք փոքր ուժերով ականանետերից, հրթիռներից, հրետանուց հարվածելու են և զոհեր պատճառելու։ Այո, հայկական կողմը տալիս է ասիմետրիկ պատասխան, սակայն Ադրբեջանի համար մարդկային, զինվորական ռեսուրսը «խնդիր չէ». ոչնչացնում են իրենց ազգային փոքրամասնություններին, վարձկաններին, կամ էլ անգամ ադրբեջանցի ազգությամբ զինվորի զոհվելու դեպքում դա վերածում են հակահայկական շոուի` ատելություն սերմանելով հայերի հանդեպ։ Ադրբեջանի հասարակությունը վերահսկվում է հատուկ ծառայությունների կողմից, նրանց զինվորների մահվան պատճառով «մայդան» ակնկալել Բաքվի կենտրոնում ֆանտազիայի ժանրից է։