Araratnews.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Հունիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը` Ավան վարչական շրջանը: 2017թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նոր Նորք, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչը նաև պետք է խթան հանդիսանա, որպեսզի բոլոր վարչական շրջանները ձգտեն իրենց կատարած աշխատանքով հայտնվել առաջին հորիզոնականներում:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:
«Բազմիցս եմ նշել, որ աշխատանքների գնահատման այս ձևաչափի նպատակը թերացումներն ի հայտ բերելն ու դրանց շտկման ուղղությամբ հստակ աշխատանքներ տանելն է: Ուստի մանրակրկիտ ուսումնասիրեք և վերլուծեք բոլոր այն բաժինների աշխատանքը, որոնց գրանցած ցածր արդյունքները զգալիորեն ազդել են վարչական շրջանի ընդհանուր ցուցանիշի վրա: Դրան զուգահեռ նաև համապատասխան աշխատանքներ տարեք տվյալ բաժինների աշխատակիցների հետ, որպեսզի հնարավորին կարճ ժամանակում թերացումները շտկվեն: Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ մեր համաքաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն մեզանից և մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք, ինչն էլ ակնկալում եմ յուրաքանչյուրից», - ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն