Արդեն վեց ամիս է, ինչ Իրանում գնալով մեծանում է երկնիշ թվերով գնահատվող ինֆլյացիան: Սա Իրանի միջուկային ծարագրի պատճառով արևմտյան տերությունների` գնալով ավելի խստացող պատժամիջոցների արդյունքն է, որը լուրջ լարվածություն է ստեղծում իրանական տնտեսության համար:
Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ՝ իրանական իշխանությունները հայտարարել են, որ մարտ ամսվա ընթացքում ինֆլյացիան հասել է 31.5 տոկոսի, որը փետրվար ամսին եղել է 30.2%, իսկ անցյալ տարի այս ցուցանիշը կազմում էր 26.4%: Իհարկե, Մեհր լրատվական գործակալությունը չի բացատրել նման աճի պատճառները՝ ընդամենը նշելով, որ այդ աճը հիմնականում եղել է պարենային ապրանքների, խմիչքների և ծխախոտի ոլորտում:
Ստորև ներկայացնում ենք Իրանի Կենտորանական Բանկի հայտարարած ինֆլյացիոն ցուցանիշները 2012-13թթ. ժամանակահատվածի համար:

 

http://www.cbi.ir/default.aspx

 

Բազմաթիվ տնտեսագետներ նշում են, որ իրանական ինֆլյացիայի իրական ցուցանիշը կարող է ամենաքիչը երկու անգամ ավել լինել, քան պաշտոնականն է, քանի որ վերջինս չի ընդգրկում լուրջ թանկացումներ գրանցած մի շարք ներկրվող ապրանքների գները:
Նման ինֆլյացիայի գլխավոր պատճառը իրանական արժույթի` Ռիալի արժեզրկումն է, քանի որ պատժամիջոցները սահմանափակել են Իրանի Կենտրոնական Բանկի հնարավորությունները, և պակասել են նավթի արտահանումները:
Որոշ փորձագետներ նշում են, որ իրանական պաշտոնական ինֆլյացիան չի արտացոլում իրականությունը, և դրանով վարչակարգը չի ցանկանում հասարակությանը ներկայացնել պատժամիջոցների իրական հետևանքները:
Վաշինգթոնի RAND Corporation վերլուծական հաստատության՝ Իրանի գծով մասնագետ Ալիռեզա Նադերը նշում է, որ պարզ չէ, թե իրանական իշխանություններն ինչպես են հաշվարկում ինֆլյացիան: Ըստ նրա՝ դա հաստատում է նաև այն, որ այդ երկրի քաղաքական համակարգի շրջանակներում բացակայում է թափանցիկությունը, և ինֆլյացիայի պաշտոնական ցուցանիշը քաղաքականորեն մոտիվացված է: Ըստ նրա՝ վերջին ամիսներին որոշ պարենային ապրանքների գները աճել են ավելի քան 100%-ով, և չնայած մինչ Իրանի Կենտրոնական Բանկի նկատմամբ պատժամիջոցները ինֆլյացիան բարձր էր, սակայն ակնհայտ է, որ պատժամիջոցները էլ ավելի են մեծացրել իրանական ինֆլյացիան: Սա իրանական իշխանությունների համար տնտեսական վատ հեռանկար է, և բնակչությունը կորցնում է իշխանության` երկրի տնտեսությունը կայուն պահելու հնարավորության նկատմամբ վստահությունը:
Պատժամիջոցների կողմնակիցները պնդել և պնդում են, որ դրանք նպատակ չեն հետապնդում ազդել բնակչության բարեկեցության վրա, այլ նպատակ են հետապնդում այնպիսի ճնշումներ ստեղծել իրանական իշխանությունների համար, որպեսի վերջիններս բանակցություններում ավելի կոշտ դիրքորոշում չդրսևորեն: Եվ դեռ ավելին, պատժամիջոցների կողմնակիցները պնդում են, որ դրանք իրեց ազդեցությունը գործում են, քանի որ Իրանը պատրաստակամություն է հայտնել նորից վարել բանակցություններ գլխավոր ուժերի հետ:
Ուրբաթ օրը Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին նշեց, որ հուսով է՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում առաջընթաց կգրանցվի այս գործընթացում: Սակայն պատժամիջոցների քննադատները պնդում են, որ չնայած իրանական կողմի լավատեսական հայտարարություններին՝ չկա այն միտումը, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին կմեղմացնի իր կոշտ դիրքորոշումը Արևմուտքի նկատմամբ:
Եվ վերջում ներկայացնում ենք ինֆլյացիայի դինամիկան Իրանում 2004-2013թթ. ժամանակահատվածի համար, այն ժամանակահատվածի, երբ իրանական կողմը սկսեց էլ ավելի կոշտ դիրքորոշում դրսևորել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում և որպես հետևանք` գնալով ավելի մեծացան նրա նկատմամբ պատժամիջոցները:
http://www.cbi.ir/default.aspxԻնչպես տեսնում ենք այս գրաֆիկից, Իրանում այդ ժամանակահատվածում դիտվում է ինֆլյացիայի անընդհատ աճ (կարմիր գիծը այդ աճի միտումն է), իսկ այն միջանկյալ ժամանակահատվածի աճը (2007-2009թթ.) համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ալիքի ազդեցությունն է իրանական տնտեսության վրա:
Իհարկե, կարելի է ավելի մանրամասն անդրադառնալ միջուկային բանակցություններում տարբեր կողմերի դիրքորոշումներին, պատժամիջոցներին ու վերջիններիս տնտեսական ու սոցիալական հետևանքներին: Սակայն ընդհանուր պատկերը և միտումը բավական մտահոգիչ է, և փաստը մնում է փաստ, որ այդ պատժամիջոցները նախ և առաջ անդրադառնում են Իրանի շարքային քաղաքացիների դրամապանակի և սոցիալական պայմանների վրա: Ակամայից հիշում ես Սադդամ Հուսեյնի վարչակարգի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները, որոնք ոչնչի չբերեցին, քան Իրաքում սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման և շարքային իրաքցու սոցիալական բարեկեցության ու կյանքի որակի ցուցանիշների անկման, իսկ վարչակարգը ամուր նստած էր իր տեղում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել