«Սասնա ծռերի»՝ քաղբանտարկյալ լինել-չլինելու թեման երկար ժամանակ քննարկումների կիզակետում էր։ Թեման բավականին նուրբ է, և շատ հաճախ իրավական և քաղաքական գնահատականները բախվում են իրար։ Որոշ ժամանակ առաջ այս թեմային անդրադարձ էր կատարել Էդմոն Մարուքյանը։ «Ելք» դաշինքի պատգամավորի գնահատականները իրավական էին և հարցն էլ դիտարկում էր իրավական հարթությունում։ Մարուքյանը այս տեսանկյունից դժվարացել էր քաղբանտարկյալ անվանել «Սասնա ծռերի» անդամներին։

Այսօր այս թեմային արձագանքել է Կարո Եղնուկյանը, ում համար անհասկանալի է Մարուքյանի նման կարծիքը․ «Էդմոն Մարուքյանը շատ լավ իրավաբան է և շատ լավ է հասկանում գոնե ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալ սահմանումը։ Բայց մինչև ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալ բառի սահմանմանը անդրադառնալը, որը ընդունվել է 2001 թվականին և վավերացվել է 2012 թվականին, հիշենք, որ ինչքան ժամանակ որ մարդկությունը եղել է՝ օրենքների գոյության կամ բացակայության օրոք, քաղբանտարկյալներ եղել են և արժանացել են այդ գնահատականին»։ Դրանից հետո Եղնուկյանը հավելել է, թե քաղբանտարկյալ տերմինը քաղաքական գնահատական է, որը, բնականաբար, սուբյեկտիվ կարծիք է։

Պարոն Եղնուկյանը տվել է «ԵԽԽՎ չափորոշիչներ» արտահայտությունը, որի շրջանակներում հարկ ենք համարում մի քանի նուրբ դիտարկումներ անել։ ԵԽԽՎ-ն հստակ սահմանում է քաղբանտարկյալ տերմինը։ Եվ այսպես՝ քաղբանտարկյալ է համարվում այն անձը, ով․
1) Ազատազրկվել է (կալանավորվել է որպես նախնական կալանք կամ դատապարտվել դատավճռով) հիմնական իրավունքներից մեկի խախտման հետևանքով, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, 
2) Ազատազրկվել է ակնհայտ քաղաքական պատճառներով, առանց որևէ իրավախախտման հետ կապ ունենալու
3) Քաղաքական դրդապատճառներով կալանքի ժամկետը և պայմանները ակնհայտ անհամաչափ են այն մեղադրանքի համար, որով նա մեղադրվում է կամ արդեն դատապարտվել է։ 
4) Քաղաքական դրդապատճառներով՝ ուրիշների համեմատությամբ խտրականորեն կալանքի է ենթարկվում
5) Կալանավորվել է ակնհայտ անարդարորեն կիրառված գործողությունների հետևանքի պատճառով, որը երևում է, դրսևորված է իշխանությունների քաղաքական դրդապատճառներով։

Կետերի վրայով անցնելուց հետո վերադառնանք Էդմոն Մարուքյանի գնահատականներին։ Փաստացի՝ պատգամավորը տվել էր բացառապես իրավական գնահատականներ։ Եվ այո, Մարուքյանի գնահատականները լիովին տեղավորվում են ԵԽԽՎ սահմանման շրջանակներում, քանի որ այս կետերի առկայության պայմաններում չափազանց բարդ է «Սասնա ծռերին» համարել քաղաքական բանտարկյալներ։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ եղել է 3 սպանություն, որը ոչ մի ձևով չի տեղավորվում քաղբանտարկյալ տերմինի սահմանման շրջանակներում։ Հետևաբար ի՞նչ խնդիր է այստեղ տեսնում Կարո Եղնուկյանը, արդյոք Մարուքյանը աղավաղել է ինչ-որ իրողություն։ Կարծում եմ՝ Եղնուկյանի հապճեպ հայտարարությունը չի տեղավորվում ոչ մի բանական տրամաբանության շրջանակներում։ Չէի ցանկանա Եղնուկյանի այս հայտարարության մեջ կասկածամտություն տեսնել՝ կապված Մարուքյանի ընդդիմադիր վարքագծի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ցանկալի կլինի, որպեսզի Եղնուկյանը մի փոքր զգուշանա առանց խորապես ուսումնասիրելու ենթադրություններ անելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել