Բաքվի ռազմաքաղաքական ղեկարավության անհեռատես քաղաքականությունն այս անգամ ևս աշխատեց իր դեմ։ Վերջին օրերին առաջնագծի լարվածությունը և քաղաքացիական անձանց մահանալու միջադեպն իր ուղղակի ազդեցությունն է թողել նաև բանակի հանդեպ հասարակության կարծիքի վրա։ Ալխանլույի միջադեպը խարխլել է շարքային ադրբեջանցու մոտ «Կովկասի հզորագույն բանակի» մասին պատկերացումները։ Սոցցանցերի քննարկումներից անգամ պարզ է, որ ադրբեջանական հասարակության մի ստվար հատված հիասթափված է զինված ուժերի «անհասկանալի անգործությունից»։ Թերևս այդ դժգոհության ամենավառ ցուցիչներից մեկը Զաքիր Հասանովին հասցեագրված «գովազդի նախարար» պատվավոր կոչումն է։ Տարիներ շարունակ երկրի ռազմական պոտենցիալի և հայատյացության քարոզի հետևանքներն այսօր ավելի քան տեսանելի են. շարքային ադրբեջանցին պահանջում է ռազմական ղեկավարության խոստացած «ավերիչ պատասխանը»։ Մինչդեռ դատարկ քարոզչությունն այսպիսի իրավիճակներում կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, ինչին էլ ականատես ենք լինում Ադրբեջանում։
Որպես եզրակացություն. չափազանց կարևոր է հետևել սահմանային լարվածության հանդեպ ներադրբեջանական արձագանքներին ու կարծիքներին և, ինչո՞ւ ոչ, նաև փորձել ստեղծել խողովակներ` դրանց վրա ազդելու համար։
Մի կարևոր հանգամանք ևս. սեփական ժողովրդին որպես «կենդանի վահան» օգտագործելու փաստը հասկանում է նաև Ադրբեջանի գիտակ հասարակությունը։ Սակայն Ադրբեջանի պես ավտորիտար համակարգ և չափազանց խիստ գրաքննություն ունեցող երկրում այդ մասին խոսելը հավասար կլինի «ինքնասպանության»։