«Washington Post»-ի աշխատակից Մաքս Ֆիշերը ստեղծել է բավական հետաքրքիր, միևնույն ժամանակ տարօրինակ մի քարտեզ, որում արտացոլված է, թե օտարերկրյա այցելուների նկատմամբ տարբեր երկրների ժողովուրդների հյուրընկալության աստիճանը ինչպիսին է: Քարտեզը կազմվել է հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)` համաշխարհային տուրիզմի մրցակցայնության զեկույցի վրա: Համաշխարհային տնտեսական ֆորումը տվյալները հավաքել է 140 երկրներից` 2011-2012թթ. ընկած ժամանակահատվածում կատարված հարցումների ժամանակ: Հարցը, որը տրվել է, եղել է բավական պարզ` «Ձեր երկիրը ինչքանո՞վ է հյուրընկալ օտարերկրյա այցելուների համար»:
Համաշխարհային տնտեսական ֆորումի նպատակն է եղել բացահայտել, թե տարբեր երկրների հասարակությունները ինչքանով են բաց տուրիզմի և օտարերկրյա այցելուների համար: Ստորև ներկայացնում ենք այդ քարտեզը, որում կարմիր գույնի երանգները ներկայացնում են այն երկրները, որոնք ավելի քիչ հյուրընկալության աստիճան ունեն, իսկ կապույտի երանգներով ներկայացվածները աչքի են ընկնում առավել բարձր աստիճանի հյուրընկալությամբ:
Համաձայն տվյալների՝ օտարերկրացիների նկատմամբ առավել հյուրընկալ երկրների տասնյակի մեջ են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Մարոկկոն, Մակեդոնիան, Ավստրալիան, Սենեգալը, Պորտուգալիան, Բոսնիան և Հերցոգովինան, Իռլանդիան և Բուրկինա Ֆասոն: Իսկ ահա օտարերկրյա այցելուների նկատմամբ ամենացածր հյուրընկալության աստիճանն ունեն Բոլիվիան, Վենեսուելան, Ռուսաստանը, Քյուվեյթը, Լատվիան, Իրանը, Պակիստանը, Սլովակիան, Բուլղարիան և Մոնղոլիան:
Ինչպես տեսնում եք ստորև մեր կողմից առանձնացված քարտեզից` Հայաստանը ունի հյուրընկալության միջին աստիճան, սակայն մեր երկիրը ավելի պակաս հյուրընկալ է, քան հարևան Ադրբեջանը և հատկապես Թուրքիան ու Վրաստանը: Իսկ ահա Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը հանդես են գալիս որպես առավել անհյուրընկալ երկրներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել