Եթե հայտնի ես, ճանաչված ու հաջողակ, եթե մասնակցում ես գեղեցկության մրցույթների, զբաղվում մոդելային կարիերայով, լուսանկարվում անկեղծ ու համարձակ կեցվածքներով, ապա ընտանիք, երեխա ասվածը քեզ համար չէ: Սա անհեթեթ կարծրատիպ է, որով մտածելն ու առաջնորդվելը բնորոշ է շատերիս:

 

 

Նախկին մանեքենուհի Քրիստինե Սմսարյանն իր ամուսնու` Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ ծանոթացել է 2002թ.` ինչ-որ նկարահանման ժամանակ: 7 ամսվա ծանոթությունից հետո 18 տարեկան Քրիստինեն ընտանիք կազմեց, ինչպես ասում են` խաչ քաշելով մոդելային կարիերայի վրա: 2003-ի հուլիսի 21-ին ծնվեց Մենչի և Քրիստինեի առաջնեկը` Էլինան: Ապա մի քանի տարի անց` 2008-ի մայիսի 6-ին, ծնվեցին նրանց զույգ բալիկները` Աշոտը և Մարիան: Այնպես որ, բազմազավակ մայրիկն առայժմ իր ամբողջ ժամանակը տրամադրում է երեխաների խնամքին: «Ինձ համար միշտ էլ առաջնայինն ընտանիքն է եղել: Բացի այդ, հիմա ընդհանրապես ժամանակ չունեմ աշխատանքի մասին մտածելու: Երեխաների հետ շատ դժվար է որևէ այլ բանով զբաղվելը: Երբ երեխաներս ավելի մեծանան և մանկապարտեզ հաճախեն, այդ ժամանակ էլ կմտածեմ աշխատանքի մասին»,- ընդգծեց Քրիստինեն: Ի դեպ, նախկին մանեքենուհին երեխաների ծնվելուց հետո մոդելային կազմվածքը պահպանելու համար երկար ժամանակ սպորտով է զբաղվել:

 

 

Գոհար Հարությունյանը 2 տարվա ամուսնական համատեղ կյանքի արդյունքում արդեն երկու դուստր ունի` Մելինեն և Բիայնան: Նախկին մանեքենուհին, սակայն, չի պատրաստվում սահմանափակվել երկու երեխայով: Գոհարն ու ամուսինը` Միքայելը, ցանկություն ունեն շա՜տ բալիկներ ունենալ: 2011թ. Գոհարը պատրաստվում է ևս մեկ անգամ մայրանալ. ցանկալի է` որդի, որը միակը չի լինի: Գոհարը ցանկանում է, որ շատ երեխաներ ծնվեն բոլոր հայ ընտանիքներում. որ այն լինի ոչ միայն իր, այլև ազգային գաղափար: Պարզվում է` գեղեցկուհուն երբևէ այնքան չի հրապուրել կարիերան, որքան սեփական ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալը: «Ժամանակին ես ընդունակ էի մարդկանց հիացնել իմ արտաքինով: Այսօր հպարտ կարող եմ ասել, որ օրգանիզմս ինձ լավագույն նվերն է մատուցել, ես նոր մարդ եմ լույս աշխարհ բերում. դրանից էլ հրաշալի ու արժեքավոր բա՞ն: Երեխաներիս ծնվելուց հետո արտաքինս բնավ էլ չի փոխվել, և շարունակում եմ պահպանել լավ կազմվածքս»,- անկեղծորեն նշեց գեղեցկուհին: Այդուհանդերձ, նա չի պատրաստվում այլևս չաշխատել ու միայն երեխաներ մեծացնել. բնավ: «Այսօր էլ հետաքրքիր գաղափարներ ունեմ, որոնք հնարավոր է, որ շուտով իրականացնեմ: Չի բացառվում, որ կրկին կմասնակցեմ գեղեցկության մրցույթի»,- ասաց գեղեցկուհի մայրիկը: Ի դեպ, Գոհարն ընտանիքով Երևանում կլինի մինչև գարուն. նրանք այստեղ նոր տուն են կառուցում:

 

 

Անգելինա Բաբաջանյանը և բիզնեսմեն Կարեն Մարտիրոսյանը այս տարի նշեցին իրենց ամուսնության 5 ամյակը: Ծանոթացել են, երբ Անգելինան ընկերներին հրավիրել էր իր իսկ պատրաստած խեցգետինները ճաշակելու, որ բավական աղի էր ստացվել: Այդ օրվա ողջ գիշերը Կարենը ծարավից ու Անգելինայի հմայքից չկարողացավ քնել... Այսօր զույգն արդեն երկու դուստր ունի` 4-ամյա Նատալին և 5 ամսական Վիկտորյան, որ ծնվել է այս տարվա հունիսի 22-ին: Գեղեցկուհին ասում է, որ նախկինում էլ կարիերայով այնքան տարված չէր, իր համար առաջնայինը միշտ էլ ընտանիքն է եղել: Նրա խոսքերով` անչափ շատ է սիրում իր ընտանիքն ու փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Սիրում է նաև իր աշխատանքը, թեպետ ներկայումս իր մասնագիտությամբ չի զբաղվում. ունի սեփական բիզնեսներ, իսկ նոր ծրագրերը դեռ մշակվում են: Իհարկե, դա չի նշանակում, թե նա չի հետևում իր արտաքինին: «Ես իմ արտաքինին հետևում եմ ինչպես միշտ` քնում եմ ռեժիմով, ուտում եմ այն ամենը, ինչ ցանկանում եմ: Իսկ երեխաների ծնվելուց հետո գիրանալու ընթացքը շատ հեշտ կարելի է հարթել»,- եզրափակեց նա:

 

 

Մանեքենուհի Յանա Բաբաջանյանն էլ ամուսնացավ, երբ 26 տարեկան էր: Ամուսնուն` Սերգեյին, թեև ճանաչում է 10 տարի, բայց միասին ապրում են շուրջ 3 տարի: Այս տարվա մարտի 10-ին ծնվեց նրանց առաջնեկը` Ալեքսանդրը: Տղան նրանց միակ բալիկը չի լինի, քանի որ Յանան ու Սերգեյը պատրաստվում են Ալեքսանդրի համար քույրիկ կամ եղբայրիկ ունենալ:

 

 

Յանան` Անգելինա Բաբաջանյանի հարազատ քույրը, այսօր բնակվում է ԱՄՆ-ում` Բոստոնում: Այժմ ֆիզարձակուրդում է, բայց պատրաստվում է 2-3 ամսից աշխատել իր առաջին մասնագիտությամբ` որպես դիմահարդար: Յանան վստահեցնում է, որ իր կարիերան որևէ կապ չունի անձնական կյանքի հետ. «Կարծում եմ` առհասարակ նորմալ, կիրթ ընտանիքներում աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն առաջանում: Ընդհակառակը, և՛ ես, և՛ ամուսինս հպարտանում ենք միմյանց աշխատանքային հաջողություններով: Այնպես որ, կարողանում եմ հավասարապես ժամանակս բաշխել և՛ ընտանիքիս, և՛ աշխատանքիս միջև»:

 

 

Գեղեցկուհի, մանեքենուհի Իրինա Թովմասյանի ամուսնական համատեղ կյանքը թեև կարճ տևեց, սակայն 19-ամյա գեղեցկուհին հասցրեց մայրանալ: Այս տարի նրա դստրիկը` Մեգին, դարձավ 7 տարեկան: Իրինան միշտ էլ կարևորել է սեփական երեխա ունենալու գաղափարը` միաժամանակ չանտեսելով նաև մասնագիտությունը: «Մասնագիտությամբ ես մոդել չեմ, ունեմ երկու կոնկրետ մասնագիտություն` անգլերենի թարգմանիչ և շուկայագետ: Այս տարիներին կարողացել եմ բավարար ժամանակ տրամադրել և՛ բալիկիս, և՛ աշխատանքիս»,- ասում է նա: Այսօր նախկին մանեքենուհին «Արարատ» հեռուստաալիքով վարում է «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդումը` միաժամանակ աշխատելով «SPMS» մարքետինգային ընկերությունում` որպես վաճառքի բաժնի ղեկավար: Այնուամենայնիվ, Իրինան երազում է ևս 3 զավակ ունենալ: Ի դեպ, երրորդ զավակին նա պատրասվում է որդեգրել: Թե երբ` մեր հավատարիմ ընթերցողներին Իրինան խոստացավ առաջինն ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել