Մինչ ԱՀ մշակույթի և զբոսաշրջության հարցերի նախարարը փորձում է հարթել իր երկրի մշակութային կնճռոտ հարաբերությունները Թեհրանի հետ և այդ ընթացքում հայտնվում է անհարմար իրավիճակում, Ադրբեջանում իրենց պաշտոնյայի ամբողջ արարքը զրոյացնում են՝ ազատազրկելով շիա հոգևորականի։
Ադրբեջանական Հանրապետությունում հիմնականում թալիշ բնակչություն ունեցող Մասալը քաղաքի շիա հոգևորական շեյխ Սարդար Հասանլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Շեյխ Հասանլին ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 22-ին՝ Մասալը քաղաքում բազմաթիվ հավատացյալների հետ ուրբաթօրյա աղոթքն իրականացնելու պատճառով՝ քաղաքի ղեկավարության բողոքի հիման վրա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքվի բռնապետական վարչակարգը անհիմն մեղադրանքներով ձերբակալություններ է իրականացնում շիա հոգևորականության շրջանում՝ հարուցելով Իրանի դժգոհությունը։
Ձերբակալությունների և հավատացյալ բնակչության դեմ բռնություններ կիրառելու պատճառով ԱՀ նախագահ Ի․ Ալիևը նույնիսկ զգուշացվել էր ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ա․ Խամենեի կողմից, բայց ինչպես տեսնում ենք, Ալիևը շարունակում է ձերբակալությունները՝ անտեսելով Խամենեի զգուշացումը։
Ստացվում է, որ Բաքվի բռնապետական վարչակարգը մի կողմից փորձում է Իրանի հետ բարելավել հարաբերությունները, մյուս կողմից շարունակում է տեղի ազդեցիկ շիա հոգևորականների ձերբակալությունները, հավատացյալ բնակչության դեմ կիրառվող բռնությունները, մզկիթների քանդումը և հակաշիայական այլ գործողությունները՝ կարծելով, թե գեղեցիկ և ճոռոմ խոսքերը կարող են ծածկել ձերբակալությունները և հավատացյալների բռնությունները։
Այն, որ Իրանը նույնիսկ Ադրբեջանի նման տոտալիտար երկրում ունի բավականին հզոր ներկայություն՝ ի դեմս տեղի հավատացյալ շիաների, և այդ երկրի իշխանությունների վրա ներսից ազդելու գործիքակազմ, դրա մասին տեղյակ է նույնիսկ Ալիևը, և, ըստ երևույթի, վերոնշյալ ձերբակալությունները, բռնություններն ու ճնշումները միտված են հենց այդ ներկայության նվազեցմանը, սակայն Ալիևի աշխատակազմում պետք է գիտակցեն, որ նշված գործողությունները հնարավոր է երկսայր սրի ազդեցություն ունենան և ուղղվեն հենց Ադրբեջանի դեմ։