Երեկ երեկոյան Թբիլիսիի Դիդուբեյի շրջանում գտնվող հայտնի «Էլիավա» շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել. այրվել են խանութներ, տաղավարներ՝ շուրջ 2.5 հազար ք/մ տարածք: 24 հրշեջ մեքենա ժամանել է դեպքի վայր, և շուրջ 150 հրշեջ փրկարար ջանացել են մարել հրդեհը: Մի քանի ժամ հետո հրդեհը մարվել է: «Էլիավայի» շուկայում աշխատում են հարյուրավոր առևտրականներ, ովքեր հիմնականում զբաղված են ավտոպահեստամասերի վաճառքով։ Նրանց մի մասը հրդեհի պատճառով զգալի ֆինանսական վնասներ են կրել:
Ի դեպ, նշված շուկայից օգտվում են նաև մեծ թվով հայաստանցիներ, ովքեր մեքենաների պահեստամասեր գնելու նպատակով հաճախ հատուկ մեկնում են Թբիլիսի: «Էլիավան» հայտնի է ավտոպահեստամասերի մեծ տեսականիով և գների մատչելիությամբ:
Թբիլիսիի առևտրային համալիրներում հրդեհի բռնկման դեպքերը վերջին տարիներին, կարծես, սովորական երևույթ են դարձել: Բոլորովին վերջերս հրդեհ էր բռնկվել Թբիլիսիի կենտրոնում տեղակայված մեկ այլ՝ մանկական առևտրի կենտրոնում: Լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում, հատկապես՝ ընդդիմադիրների, ըստ որոնց՝ նշված միջադեպերը կազմակերպված են որոշ շահագրգիռ անձանց կողմից, ովքեր ցանկանում են իրենց ձեռքը գցել առևտրային այդ համալիրները: