Անցած տարի ՊՊԾ գնդում տեղի ունեցած միջադեպը, բնականաբար, խորքային ազդեցություն ունեցավ ներքաղաքական ու հանրային օրակարգերի վրա: Մինչ օրս տարբեր կարծիքներ, վերլուծություններ, հուզական մտքեր են հնչում տեղի ունեցածի վերաբերյալ: Հասկանալի է, որ հանրության ոչ բոլոր շերտերն են ռացիոնալ դատողություններ անում, և հաճախ նման նուրբ հարցերը լիրիկական զեղումներ են ստանում: Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ նման իրավիճակները պարարտ հող են ստեղծում պղտոր ջրերում ձուկ որսալու նպատակ ունեցողների համար:
Օրերս մի խումբ մարդիկ սոցիալական ցանցերում տարածում էին, որ ծեծի են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը: Հայհոյախառը, սեպարատիստական գրառումներին զուգահեռ՝ տարածվում էին ագրեսիայի ու ծայրահեղականության կոչեր: Երեկ Սեֆիլյանի որդին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ նման բան չկա, և իր հայրն ու Գևորգը ծեծի չեն ենթարկվել: Եթե ուշադիր լինենք, ժամանակ առ ժամանակ ժողովրդի անունից հանդես եկող որոշ խմբեր տարածում են ծայրահեղ ռադիկալ տեղեկատվություն պարունակող ստեր, իսկ իրականությունը բացահայտվելուց հետո չեն էլ փորձում ներողություն խնդրել կամ հերքումներ գրառել:
Չափազանց կարևոր է նման մերկապարանոց ու ռադիկալ տեղեկատվական հոսքերի զոհ չդառնալ և քննադատորեն մոտենալ ցանկացած հաղորդագրության: Ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերում բազմաթիվ ուժեր ֆեյք աղբյուրներից քաղաքականություն են իրականացնում: Սասնա ծռերի նկարներով բազմաթիվ տարօրինակ օգտատերեր են պրոպագանդիստական խնդիրներ լուծում` հաճախ հակասելով հենց ՊՊԾ գունդը գրաված մարդկանց տեսակետներին: Թե ում է պետք լարվածություն ու ռադիկալություն պրոպագանդել, ովքեր են այդ սուտ տեղեկատվության հիմնական պատվիրատուները, դժվար է միանշանակ ասել, բայց ակնհայտ է, որ այդ ուժերը չեն կարող հայանպաստ լինել: