Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կիպրոսի հույներին կոչ է արել հույս չունենալ, որ թուրքական 35 հազարանոց զորամիավորումը երբևէ կլքի կղզին:
«Դա իրենց երազանքն է: Նրանք պետք է սթափվեն և դադարեն երազել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շվեյցարական Քրանս-Մոնտանայում ընթացող ՄԱԿ-ի միջնորդած բանակցությունների ընթացքում:
Անկարան փաստորեն շարունակում է աջակցել իր իսկ կողմից արհեստականորեն ստեղծված հանրապետությանը, որն ամբողջովին կախված է Թուրքիայի ֆինանսական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական աջակցությունից:
Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:
Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-ի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:
Քանի որ Հյուսիսային Կիպրոսը միջազգայնորեն ճանաչված չէ, բոլոր տնտեսական գործողությունները իրականացվում են Թուրքիայի միջոցով, որտեղ տեղակայված են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեսպանատունը և հյուպատոսարանները: Թուրքիայի բյուջեից յուրաքանչյուր տարի 400 միլիոն դոլար է տրամադրվում տեղի թուրքերին աջակցելու համար:
Փաստորեն, Թուրքիան, անտեսելով միջազգային հանրության, ԵՄ-ի պահանջները, որտեղ Անկարան անընդհատ շտապում է, առաջնային է համարել իր ազգային-պետական շահերը և ստեղծել թուրքական երկրորդ պետությունը:
Թուրքիան իր զինված ուժերի օգնությամբ իրականացնում է Հյուսիսային Կիպրոսի վերահսկողությունը: Անկարան, իր պանթուրքիստական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով, Հյուսիսային Կիպրոսի պարագայում առաջնորդվել է «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով, որն այժմ այդքան հաճախ գործածվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները նկարագրելու համար:
Եթե Կիպրոսի հույներն առաջ են քաշում էնոզիսի` Հունաստանի հետ միավորվելու քաղաքականությունը, ապա Կիպրոսի թուրքերը հանդես են գալիս թաքսիմի (Taksim)-ի ռազմավարության օգտին` կղզու թուրքական, մահմեդական հատվածը անջատելու և Թուրքիայի հետ միավորվելու օգտին։