Իրանական օրաթերթերից մեկը «Չկողմնորոշված գեներալները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հոդվածագիրը կարծիք է հայտնել, որ հնարավոր է ԻԻՀ գալիք՝ 12-րդ կառավարությունում իրենց ներկայիս պաշտոններում այլևս չլինեն ներկայիս նավթի նախարար Բիժան Զանգանեն և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Այս խնդրի կապակցությամբ երեկ Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում լրագրողների հարցին ի պատասխան՝ Զարիֆը պատասխանել էր, որ կմեկնաբանի նախագահի որոշումից հետո։
Ճիշտ է, դեռևս ոչինչ պարզ չէ, և դժվար է ինչ-որ բան ենթադրելը, բայց այն, որ Զարիֆին, առանց դույզն-ինչ չափազանցնելու, կարելի է համարել ժամանակակից դիվանագիտության խոհրդանիշերից մեկը, ակնհայտ է։
Հիմնականում հենց նրա ջանքերի շնորհիվ էր, որ կայացավ միջուկային համաձայնությունը և նրա վարած ակտիվ, ինչ-որ տեղ նույնիսկ ագրեսիվ քաղաքականության ու բանակցելու արվեստին փայլուն տիրապետելու արդյունքում է, որ Իրանը վստահորեն և բավականին գրագետ կերպով կարողանում է մանևրել ներկայիս բարդ աշխարհաքաղաքական գործընթացներում և իրացնել այն արտաքին քաղաքական օրակարգը, որը որդեգրել է այս պետությունը։