Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցության միջնորդությունը մերժվել է։ Փաշինյանը վրդովմունք էր հայտնել․ «Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոոշում է և հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն»։

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, զարմանալին ոչ այնքան ՀՀ գլխավոր դատախազության որոշումն է, որքան Փաշինյանի պարզունակ քայլերը։ Մտահոգիչ է, որ Փաշինյանի կառույցը դեռ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել։ Սա քաղաքական միամտությա՞ն, թե՞ խորամանկության դրսևորում է։ Դժվար թե Փաշինյանը չիմանար ՀՀ իշխանությունների տրամադրություններն այս հարցերի վերաբերյալ։ Իրականում Փաշինյանն ուզում է ամեն կերպ ցույց տալ, որ չափազանց մտահոգ է Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ճակատագրերով։ Բայց հետաքրքիր զուգադիպությամբ ամեն անգամ նույն քայլերն է անում՝ լավ իմանալով, որ մերժվելու է իր միջնորդությունը։

Եթե մի խոսքով ամփոփենք, ապա այս թեմաների վրա Փաշինյանը ձեռքերն է տաքացնում ու փորձում է հետընտրական պարապուրդի օրակարգ լցնել։ Թե այս ամենն ինչքանով է բարոյական, որոշեք ինքներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել