Այն օրվանից, երբ հրապարակային դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորելու եմ ես, իմ նեղ և մի քիչ ավելի լայն շրջապատում քաղաքի ընտրությունները ակամա դարձան ամենօրյա թեմա: Նույնիսկ կարող եմ ասել, որ փողոցում երբեմն պատահական մարդիկ մոտենում և իրենց մտքերն ու առաջարկություններն են հայտնում Երևանի վերաբերյալ:
Բոլորն էլ լավ գիտակցում են, որ այս ընտրություններն ունեն և՛ քաղաքական, և՛ քաղաքային նշանակություն: Քաղաքական մասով կարծեք թե տեսակետներն ու մոտեցումներն ընդհանրական են: Բոլորն էլ արձանագրում են, որ ոչ իշխող կուսակցության կողմից քաղաքի ղեկավարումը իրոք թարմություն, մրցակցություն և հակակշիռ կբերի քաղաքական համակարգին, և դա կարող է հեռանկարներ բացել առավել խորքային փոփոխությունների համար:
Կարող եմ ասել, որ միասնական է նաև ցանկությունը տեսնելու ոչ իշխանական ուժերի համախմբումը թե՛ ընտրապայքարի ընթացքում, թե՛ առավել ևս դրանից հետո՝ քաղաքի կառավարման հարցում:
Ինչ վերաբերում է քաղաքային հարցերին, ապա և՛ թեմատիկան, և՛ մոտեցումներն ու տեսակետները շատ ընդգրկուն են, հաճախ՝ տարաբնույթ, որոնք վերաբերում են մեր առօրյայի գրեթե բոլոր կողմերին: Դրանցից փորձեմ առանձնացնել մի քանիսը՝ առանց հերթականության առաջնայնության և առանց թերագնահատելու մյուս խնդիրների կարևորությունը:
1. Հասարակությանը իսկապես շատ է մտահոգում քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը: Լուրջ դժգոհություն կա ոչ հարիր շինարարությունից, շենքերի կտուրների անօրինական հավելումներից, ինչպես նաև կանաչ տարածքներում ապօրինի շինարարությունից: Այս պահին, օրինակ, քաղաքի սրտում՝ Օպերային կից կանաչ գոտում, բետոնապատում է գնում, կապիտալ պատեր են դնում: Ես կարծում եմ՝ քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի միանգամից այս ամենը կասեցնել և լրջորեն մտածել ժամանակի ընթացքում վերականգնելու կորցրածը:
2. Լուրջ բողոք կա քաղաքապետարանում բյուրոկրատական քաշքշուկներից: Նույնիսկ ամենափոքր կենցաղային խնդիր լուծելու թույլտվության համար առնվազն մի տասնյակ ինստանցիաներ է պետք անցնել: Ակնհայտորեն չի աշխատում մեկ պատուհանի սկզբունքը: Այստեղ մեկ այլ երևույթ է մատնանշվում. տարբեր տրամաչափի չինովնիկներ քաղաքացիների գործերին ընթացք տալիս հորդորում են նվիրատվություններ անել ինչ-որ «Երևան» ֆոնդի: Սա դժգոհության (և ոչ միայն) շատ լուրջ պատճառ է:
3. Լուրջ խնդիրներ կան նաև քաղաքապետարանի կողմից հայտարարվող տենդերներին մասնակցություն ունենալու և հատկապես հաղթելու հնարավորության շուրջ: Համապատասխան կապեր չունենալու դեպքում դրա հնարավորությունը պարզապես հավասար է զրոյի:
4. Բնականաբար չեն կարգավորվել Երևանի տրանսպորտի խնդիրները: Երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելը կամ առնվազն դրանք կենտրոնից հարակից վարչական տարածքներ տեղափոխելը հրամայական է: Այստեղ մի հետաքրքրական առաջարկ կա՝ վերականգնել խորհրդային շրջանից զեղչերով երթևեկության մշտական տոմս ունենալու պրակտիկան, որով հնարավորություն կլինի անսահմանափակ հավասարապես օգտվել և՛ մետրոյից, և՛ հանրային այլ տրանսպորտից:
5. Վարորդների համար լուրջ պատուհաս են դարձել քաղաքում տեղադրված արագաչափիչ սարքերը, հատկապես՝ տեսախցիկները, որոնք արձանագրում են նույնիսկ ամենաաննկատ և վիճահարույց խախտումները: Տուգանքների գումարների գերակշիռ մասը գնում է մասնավորի գրպանը: Պետական բյուջեն, քաղաքը և հանրությունն առհասարակ դրանից օգուտ չի ստանում: Ես այս երևույթի իրավական մանրամասներին չեմ տիրապետում, բայց առաջարկությունը այն է, որ քաղաքի ղեկավարությունը, համենայն դեպս այս հարցում նույնպես կարող է ձեռնոց նետել կառավարությանը և փորձել սահմանափակել այդ տեսախցիկների աշխարհագրությունը:
6. Վերջին շրջանում ընդհանուր տնտեսական վիճակի և հասարակության տրամադրությունների վատացմանը զուգահեռ ավելի են ճոխացել քաղաքում տոնախմբությունները, հրավառությունները, զարդարանքները և այլն: Ակնհայտ է, որ հսկայական գումարներ են ծախսվում այդ՝ շատ հաճախ անճաշակ միջոցառումների վրա: Առաջարկն այն է, որ նման ծախսերը պետք է նվազագույնի հասցնել, ինչու չէ՝ կարելի է մի քանի տարի ընդհանրապես մորատորիում հայտարարել և այդ գումարներն ուղղել քաղաքի բնակիչների համար առավել հրատապ խնդիրների լուծմանը:
7. Երևանում պետք է թափ հաղորդել սոցիալական բնակարանների ծրագրին: Քաղաքապետարանի տրամադրության տակ Երևանի արվարձաններում կան տարածքներ, որտեղ առանց մրցակցային դաշտը խաթարելու՝ կարելի է կառուցել բնակելի շենքեր և մատչելի գներով դրանք հասանելի դարձնել բնակչության խոցելի շերտերին։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է ավելի շատ ուշադրության արժանանա քաղաքային իշխանությունների կողմից։
8. Հրազդանի կիրճը, որը Երևանի ամենագրավիչ հանգստյան վայրերից է, պետք է շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու՝ ստեղծելով համապատասխան անվճար հարմարություններ, բարեկարգելով մերձափնյա տարածքները և կանոնակարգելով մասնավորի գործունեությունն այդ տարածքում:
Նորից կցանկանամ շեշտել, որ քաղաքի խնդիրներն անթիվ-անհամար են՝ վերելակներից մինչև կրթություն, առողջապահություն և այլն: Եվ ես իրոք կուզենայի, որ առաջիկա շաբաթներին մենք ընտրարշավի ընթացքում կարողանանք և՛ մրցակից ուժերի, և՛ հանրության հետ քաղաքակիրթ բանավեճ ունենալ քաղաքի զարգացման խնդիրների շուրջ: Դրանից կշահենք մենք՝ բոլորս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել