Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին պատրաստվում է մասնակցել 250 հոգանոց պատվիրակությամբ:
Այս մասին տեղեկացնում է գերմանական DW լրատվականի թուրքական ծառայությունը՝ հղում անելով թուրք և գերմանացի դիվանագետներից ստացված տեղեկությանը: Ըստ այդ տեղեկության Թուրքիան գերմանական իշխանություններին ներկայացրել է գագաթնաժողովին Էրդողանին ուղեկցող պատվիրակության ցուցակը, որը բաղկացած է 250 հոգուց: Պատվիրակության անդամներից 60-ից ավելին ոստիկանության աշխատակից է, 5-ը նախարար:
Ըստ տեղեկությունների՝ Անկարան մեկ անգամ փոխել է պատվիրակության կազմը: Առաջին ցուցակում ընդգրկված են եղել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար ԱՄՆ-ի կողմից որոնվող թիկնապահները: Սակայն Գերմանիայի իշխանությունների զգուշացումից հետո ներկայացվել է թարմացված ցուցակ, որտեղից այդ թիկնապահների անունները հեռացված էին:
Նշվում է, որ Բեռլինին զարմացրել է թուրքական բազմամարդ պատվիրակության ցուցակը: Համեմատության համար նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվիրակությունը բաղկացած 70 հոգուց: