Երբ ես խորհրդային տարիներին Ռայկոմում էի աշխատում, շատ ծրագրեր, որոշումներ, զեկուցումներ, ելույթներ եմ կարդացել և գրել: Գրել եմ նաև առաջավոր բանվորների՝ արտադրության առաջամարտիկների անունից, նախաձեռնություններ «մոգոնել»: Դրա համար ես գիտեմ այդ թղթերի վրայի գրառումների և խորհրդային դատարկ խանութների իրականությունն ու կապը: Եվ մի տեսակ ներքին խրոնիկ անհավատություն ունեմ կառավարությունների, կուսակցությունների, քաղաքական ուժերի զարգացող, թռիչքային, խոստումնալից, հավակնոտ բոլոր տեսակի ծրագրերի նկատմամբ…
Եթե միջակ ունակություններով երաժիշտներից կազմված նվագախմբի գործիքները փոխես, նորը գնես, թեկուզ ամենաընտիրը, ապա նվագախմբի կատարումը չի լավանա, երաժիշտների մասնագիտական ունակությունները չի բարձրանա և ավելի նվիրումով, պրոֆեսիոնալ ու պատասխանատվությամբ չեն նվագի: Վիրտուոզ կամ գոնե վարպետ երաժիշտներ են պետք… «Կադրերն են որոշում ամեն ինչ» հայտնի խոսքերը հիմա էլ արդիական են:
Կառավարության ծրագրին չէ, աշխատանքին կհավատամ, երբ կադրային իրական օպտիմալացում կատարվի, որ երկու աշխատողից լավ, գրագետ, փորձված, պատասխանատու աշխատողին «չօպտիմալացնեն», իսկ իրենց ղեկավարի անձեռնահաս բարեկամին պահեն ու «փայփայեն», թեկուզ ոչ պրոֆեսիոնալ…
Երբ վարձակալության տրվող և վաճառվող տարածքները կքչանան, ՀՀ քաղաքացին գոնե մի փոքր վստահ կլինի վաղվա օրվա նկատմամբ…
Երբ կառավարության, պետական համակարգի աշխատողներն առհասարակ, շքեղ դղյակներում չեն ապրի, թանկարժեք մեքենաներ չեն ունենա և պաշտոնները հարստացման միջոց չեն լինի…
Երբ գործարարը պաշտպանված կլինի օրենքով և կաշխատի հավասար պայմաններում…
Երբ գործարար պաշտոնյաները և պատգամավորները կրծքով չեն պաշտպանի բոլոր կառվարությունների ծրագրերը՝ նույն ոգով և գրեթե նույն խոսքերով, և բարոյական իրավունք կունենան, առհասարակ, այդ մասին խոսելու…
Երբ արդար աճուրդներ, տենդերներ կլինեն, կադրերի ընտրությունները, կոնկուրսները, ատեստացիաները ձևական ու անարդար չեն լինի…
Երբ անկաշառ կաշխատեն օրենքներն ու օրենքները կիրառողները, ողջ իրավապահ համակարգը…
Երբ վարկերը, հիմնադրամների հանգանակած գումարները, ներդրումները չեն փոշիանա կամ թանկարժեք զուգարանի փոխակերպվի, իսկ փոշիացնողներն էլ մնան անպատիժ…
Երբ պատերազմող և աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրի պաշտոնյաները, «էլիտան», պատգամավորները գռփած փողերով աչք ծակող, գերճոխ, խանական, թագավորական հարսանիքներ, ծնունդ-կնունքներ, շրջագայություններ չեն անի…
Երբ կունենանք որակյալ, արդիական կրթական համակարգ, իսկական գիտելիքներով և գործնական հատկանիշներով օժտված շրջանավարտներ…
Երբ կառավարությունը, պետական, իրավապահ մարմինները կհամալրվեն պետական մտածողությամբ, կիրթ, գրագետ, պրոֆեսիոնալ, արդարամիտ, օրինապաշտ կադրերով…
Երբ հնարավորինս կրճատվի ստվերային տնտեսությունը: Այսինքն՝ հավասար պայմաններ կստեղծվեն և՛ ԱԺ-ում կառավարության ծրագիրը կրծքով պաշտպանող պատգամավորի, և՛ կառավարության անդամի ու այլ բարձր պաշտոնյաների «մերձավոր շրջանակների» համար…
Երբ չեն հերոսացվի «ազնիվ մղումներով» հանցագործ մարդասպանները, չեն շահարկվի նրանց հետ կապված օրինական գործողությունները…
Երբ…

Երբ նշված և այլ բազմաթիվ երբերից հետո ինքներս մեզ հարց կտանք, թե ինչ եմ արել ես ինքս որպես ՀՀ քաղաքացի, ինչու ինքս օրինապահ ու օրինապաշտ չեմ, ինչքան բան կարող էի անել, որ չեմ արել… Ի՞նչ կարող եմ անել ինքս իմ տեղում, իմ աշխատանքում, հասարակական կյանքում, ինչով կարող եմ նպաստել իմ երկրի կայացման, զարգացման հզորացման գործին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել