Հակոբ Հակոբյանին ճանաչում են որպես «Օops»-ի Հակոբի, «Սոված խաղերի» Հակոբ Հակոբյանի, իսկ «Քարե դարդում» նա մեկ օրում վերածվեց Մումուկի: Հիմա Հակոբը երգում և Արմեն Հովհաննիսյանի հետ ներկայանում է մի նախագծում: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է  իրենց նոր տեսահոլովակի մանրամասները, ինչպես նաև նոր աշխատանքների և իրենց նախագծի մասին: 

«Ես և Արմեն Հովհաննիսյանը մտածում էինք երգ ստեղծել եղբայրների մասին, քանի որ այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք, մարդիկ շատ են ուզում լսել եղբայրների մասին երգեր: Երգ, որը կարող էր փոխարինել «Իմ ախպերս» երգին, որը նորություն կլիներ»:

Երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է Մխիթար Հովակիմյանը. «Ունենք երգեր, որոնք մի փոքր այլ ֆորմատի են, և աշխատում ենք այդ երգերի վրա. դրանք հիմա գործիքավորման փուլում են, իսկ հետո տեսահոլովակ կունենան: Այսինքն՝ կենտրոնացած էինք այդ երգերի վրա, իսկ այս երգը պատրաստեցինք զուտ երգելու համար. այն տեսահոլովակ չէր ունենալու: Որոշեցինք մի մեքենա վերցնել և երգելով գնալ, հետո իմ ընկերներից մեկին՝ Մխիթար Հովակիմյանին, ով մեր տեսահոլովակի ռեժիսորն է, խնդրեցի նկարահանել այդ ամենը, ինքն էլ իր կողմից նոր գաղափարներ ավելացրեց. արդյունքում ստացվեց այն, ինչ հիմա տեսնում եք»:

Հակոբի և Արմանի նախագիծը շատ պատահական ստեղծվեց. «Քառօրյա պատերազմի ժամանակ ես և Արմենը որոշեցինք սարքել «Ախպերս ու ես» երգը։ Այդ ժամանակ դեռ գործիքավորումը չկար: Մենք որոշեցինք երգել այդ երգը և դրանից ստացված հասույթը հավաքեցինք ու ուղարկեցինք մեր զինվորներին: Մի օր աշխատանքի գալիս որոշեցինք մեքենայի մեջ վիդեո նկարել։ Նկարեցինք իմ հեռախոսով ու ներբեռնեցինք համացանց: Այդ տեսանյութը մեծ արձագանք գտավ. դրան չէինք սպասում: Դրանից հետո մեզ անընդհատ գրում էին՝ երբ է լինելու հաջորդ կատարումը, և քանի որ նամակները և արձագանքները շատ էին, որոշեցինք մի քանի տեսանյութ անել: Մի քանի երգերի ընթացքում էլ որոշեցինք, որ ես և Արմենը պետք է նախագծով ներկայանանք»:

Ի դեպ, մարդիկ սիրում են նաև Արմենի և Հակոբի նմանությունը. «Ոչ մեկ չի մտածում, որ մենք կարող ենք հարազատ եղբայրներ չլինել: Միշտ ասում են. «Էն, որ դու ու ախպերդ երգում եք, ինչ լավն է»: Շատ հետաքրքիր է, երբ հիմա մարդիկ ինձ մոտենում են ու ասում՝ քեզ շատ ենք սիրում, ես չգիտեմ՝ ինձ որպես հաղորդավար են սիրում, թե դերասան, թե որպես երգիչ: Արդեն խառնվում եմ իրար: Ինձ երկար տարիներ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես միշտ երգել եմ. երգել եմ, երբ տխուր եմ, երբ հուզված եմ, երբ ուրախ եմ: Ամեն նկարահանումից առաջ, հետո, և դա իմ թաքուն երազանքներից է եղել, որ ես ինչ-որ երգ երգեմ: Այսօր արդեն վեց ամսից ավելի է՝ պարապում եմ շատ լուրջ վոկալիստի մոտ, ով ինձ հետ կապված մեծ հույսեր ունի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Հակոբ Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել