Սասնա ծռերի դատավարության ընթացքում տեղի ունեցածը երեկվանից բուռն արձագանքների առիթ է դարձել։ Այնուամենայնիվ, մի ուշագրավ դիտարկում պետք է անենք։ Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեղադրել էր լուսանկար, որով ցույց էր տալիս քաղաքում տեղադրված ժամացույցների սխալ աշխատանքը։ Հրապարակումը խիստ անհանգստացրել էր Սասնա ծռերի համակիրներին։ Մասնավորապես՝ լուսանկարի մեկնաբանությունների և ֆեյսբուքյան գրառումերի միջոցով Սասնա ծռերի համակիրները դժգոհություն էին հայտնում առ այն, որ Ելք դաշինքի պատգամավորը, Սասնա ծռերի թեման թողած, զբաղված է Երևանի փողոցներում լուսանկարներ անելով։

Չէի ցանկանա մանրամասնել Երևանի քաղաքային ժամացույցների սխալ աշխատանքի վերաբերյալ ահազանգելու կարևորության մասին, այլ ուշադրություն կհրավիրեմ մեկ այլ կարևոր նրբության վրա։ Նախորդ տարվա հուլիսյան դեպքերի առաջին իսկ օրվանից Խորենացի փողոցի առաջին գծում Փաշինյանն էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հետ։ Անընդհատ կապի մեջ էր ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերի անդամների հետ։

Ի՞նչ եղավ այդ ժամանակ։ Սկզբում Պավլիկ Մանուկյանը հայհոյեց Փաշինյանին, հետո Վարուժան Ավետիսյանը տողատակով հասկացրեց ցույցերից հեռու մնալու մասին, իսկ դրանից հետո Սասնա ծռերի նույն համակիրները սկսեցին մեղադրել Փաշինյանին ինքնագովազդի, Ծռերի թեման սեփական քաղաքական դիվիդենտներին ծառայեցնելու մեջ։ Հիմա, երբ Փաշինյանը չի մտնում մատի ու մատանու արանքը, նույն համակիրները մեղադրում են նրան իշխանությունների հետ համագործակցելու ու Սասնա ծռերի թեմային դիտավորյալ չխառնվելու մեջ։ Այսինքն՝ ստացվում է, որ երբ Փաշինյանը չի խառնվում, դառնում է իշխանության կամակատար, երբ խառնվում է, դիտարկում են որպես ինքնագովազդ։ Դե եկ վարդապետ ու մի խենթանա։ Փաշինյանին ցանկանում եմ կուռ համբերություն, իսկ Սասնա ծռերի ֆեյսբուքյան գրչակներին՝ մի քիչ ադեկվատություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել