Մութ ու ցուրտ տարիներն էին: Մարդիկ մտածում էին ավելի շուտ գիշերները կուշտ քնելու և վառարանի մեջ «այրվող նյութ» ճարելու մասին: Նա մոտ քառասուն տարեկան էր: Մասնագիտությամբ երաժիշտ: 1990-ականների սկիզբը երաժիշտների ժամանակը չէր: Առևտրականների և էլեկտրիկների ժամանակն էր: Երաժիշտները կամ գնացել էին արտասահման, կամ վերամասնագիտացել էին «ռաբիզ կատարողների», կամ էլ գոյատևում էին սովետական միությունից հիշատակ մնացած նվագախմբերի փլատակներում: Ցուրտ ձմեռների հետ զուգահեռ մարդիկ դառնում էին ավելի ու ավելի սառը ու անտարբեր: Շատ քչերը «դվիժոկներ» ունեին ու վայելում էին լատինո-ամերիկյան սերիալների քաղցր կյանքը: Ոմանք ունեին վառարաններ: Սկզբում վառում էին շրջակա դեկորատիվ ծառերը, հետո վառվում էին մրգատու ծառերը, այնուհետև՝ մեքենայի հին անվադողերը, ապա՝ հերթը հասնում էր մարքսիզմ-լենինիզմի դասականների գրքերին: Հատկապես լավ էին այրվում Լենինի հատորյակների կազմերը: Էհ, ինչպես էին այրում Ջեկ Լոնդոնի, Դրայզերի, Ժյուլ Վեռնի, Մայն Ռիդի հատորյակները: Ոմանք էլ չունեին ոչինչ, բացի տաք վերմակներից: Ընտանիքներով կուչ էին գալիս տաք վերմակի տակ ու սինխրոն դողացնում:
Երաժիշտն էլ էր մրսում ինչպես բոլորը: Երբ ընտանիքով հավաքվում էին վառարանի շուրջ, նա անընդհատ հիշում էր իր մանկությունը, երբ իր մեծ եղբոր հետ հաճախում էր Մալաթիայի մանկական նվագախումբ: Իսկական երջանիկ սովետական մանկություն էր: Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներ, լավ ու իսկական ընկերներ: Սովետի ժամանակ Երաժիշտը փողային նվագախմբի ղեկավար էր ու սիրում էր իր գործը: Հիշողությունները քաղցր էին, բայց 1990-ականների սկիզբը Սեղանիկային կապիտալիզմի դարն էր՝ հիշողությունները արդեն վերաբերում էին հեռավոր, անվերադարձ հեռացած կյանքին: Մարդիկ կամ վերածվում էին առևտրականների, հեռանում արտասահման, մահանում էին, խելագարվում, կամ էլ սպասում լավ ժամանակների: Նա հույս չուներ, որ կգան լավ ժամանակներ, եթե ինքն էլ սպասի ուրիշների նման: Որոշեց զբաղվել այն գործով, որը կարողանում էր անել ամենալավը: Ստեղծել մանկական նվագախումբ: Ընդ որում անվճար նվագախումբ, որտեղ կարող են սովորել այն երեխաները, ովքեր ունեն ընդունակություններ և ցանկություն: Աբսուրդ էր: Մութ ու ցուրտ տարիներն էին, երբ մի շիշ ձեթը և կես կիլո շաքարավազը շատ ավելի կարևոր էին, քան բոլոր «երաժշտությունները»: Իրատես մարդկանց համար անտրամաբանական էր մանկական նվագախումբ ստեղծելու գաղափարը, բայց ցանկացած լավ բանի հիմքը անտրամաբանական լինելն է: Առաջին քայլը երաժշտական գործիքների ճարելն էր: Փողային երաժշտական գործիները, որպես կանոն, լատունից և պղնձից են, իսկ պղինձը և լատունը, ինչպես գիտենք, գունավոր մետաղներ են: Այն ամենը, ինչը մետաղից էր, վաղ թե ուշ հայտնվում էին մետաղի ջարդոնի ընդունման կետերում: Դժվար է ասել, թե որքան մետաղի ջարդոնի կետեր այցելեց Երաժիշտը, բայց հաստատ կարելի է ասել, որ ձուլվելուց փրկեց զգալի թվով երաժշտական գործիքներ: Առաջին բանը, որ զարմացնում էր մարդկանց, նա նվագել էր սովորեցնում բացառապես անվճար: Մարդիկ չէին հասկանում, թե այս նյութապաշտ դարում որն է տրամաբանությունը: Երաժշտին սկսեցին աջակցել իր մանկության ընկերները, որոնք ժամանակին նրա հետ սովորել էին նվագախմբում: Բարի ու նվիրված լինելը վարակիչ է: Սկսեցին աջակցել տարբեր բարի մարդիկ (պարզվում է, որ այդպիսիք կան): Նվագախումբի երեխաները, որպես կանոն, անապահով ընտանիքիներից էին: Նվագախումբը միակ հնարավորությունն էր անվճար մասնագիտություն սովորելու: Երաժիշտը երջանիկ էր, քանի որ ամեն տարի տեսնում էր իր աշխատանքի արդյունքները: Նա անձամբ 14 տարվա ընթացքում նվագել սովորեցրեց 300-ից ավել երեխաների: Բազմաթիվ երիտասարդները նրա շնորհիվ ընդունվեցին երաժշտական ուսումնարաններ, Կոնսերվատորիա, մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետ: Շատերը աշխատանք գտան իրենց նոր մասնագիտությամբ: Իր գործունեության շնորհիվ Հայաստանում բացվեցին մի քանի նոր մանկական նվագախմբեր` այդ թվում նաև մարզերում: 1999 թվականին 11-12 տարեկան մի երեխա եկավ նրա մոտ ու խնդրեց, որ իրեն նվագել սովորեցնի: Պարզվեց, որ երեխան բացառիկ տաղանդի տեր էր: Մաեստրոն նրան տվեց իր սեփական սաքսաֆոնը: Երբ դասից հետո երեխան գործիքը ձեռքին գնաց, ոչ մեկի մտքով չանցավ նույնիսկ հարցնել երեխայի անունը կամ հասցեն, քանի որ մաեստրոն հավատում էր մարդկանց:
Մի քանի ամիս առաջ թերթերը ու սոցիալական ցանցերը լցվել էին հայտնի քրեական հեղինակության սպանության մանրամասներով: Ամեն տեսակի ու մակարդակի վերլուծություններ էին անում ֆեյսբուքցիները ու լրագրողներ: Թերթերը և հեռուսաալիքները ներկայացնում էին քրեական հեղինակության կենսագրությունը, անցած «փառավոր» ուղին: Այդ նույն օրը սրտի կաթվածից մահացավ մաեստրոն: Թերթերը չգրեցին նրա մասին: Պետք էլ չէր, որ գրեին, քանի որ նա մեր ժամանակների հերոսը չէր: Մեր ժամանակի հերոսները մանկավարժները չեն: Մեր ժամանակի հերոսները ազնիվ ու բարի մարդիկ չեն, բայց միայն նրանց շնորհիվ է, որ մենք շարունակում ենք մնալ ՄԱՐԴ:
Հայտնի, մոսկվաբնակ սաքսաֆոնահարը լաց եղավ, երբ իմացավ Մաեստրոյի մահվան մասին: Լաց եղան ու չամաչեցին իրենց արցունքներից բազմաթիվ երաժիշտներ…
Կկարոտենք քեզ, Մաեստրո…