Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:
Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը.
1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն: Նրանք սերտորեն կապված են իրենց երկրների իշխանությունների հետ, որտեղ «լոբբինգի» անվան տակ նվիրատվություններ են անում օրենսդիրներին: Բայց իրականում դա կաշառք է: Այսպիսով, հայկական լոբբին մեր դեմ կազմակերպված պայքարի առաջատարն է»: Իր քննադատական ծավալուն ճառում, Ալիևը կեղծորեն հայերին վերագրեց կաշառելու հետևողական արշավն ամբողջ աշխարհում, որն իրականացվում է իր իսկ կառավարության կողմից:
2) Ադրբեջանը հետևում է Թուրքիայի ավելի փորձառու պաշտոնյաների քայլերին Հայաստանի և հայկական հարցերի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունների համար հայերին մեղադրելը: Ցավոք, Ադրբեջանը նաև նմանակում է Թուրքիային իր սեփական քաղաքացիներին ճնշելու հարցում՝ դժվարացնելով որոշել, թե այս երկու երկրներից որն է ավելի բռնատիրական:
3) Ադրբեջանի կառավարությունն ընդունելով, որ իր իմիջը մարդու իրավունքների խախտումների պատճառով վարկաբեկվել է Արևմուտքում, վարձել է PR և լոբբիստական ընկերություններ իր բացասական հեղինակությունը մաքրազերծելու համար: Պետք էր ակնկալել, որ եթե վարչակարգն այդքան մտահոգ է արտասահմանում իր վատ համբավով, նա իր երկրում պիտի բարելավեր մարդու իրավունքները, ուստի անհրաժեշտ չէր լինի միլիոնավոր դոլարներ վատնել ամերիկյան ընկերությունների վրա՝ իր իմիջի մաքրման անհնարին գործն իրականացնելու համար: Ալիևն 2013 թ. իր ելույթում Ադրբեջանը բաղձանքով նկարագրեց որպես «ժամանակակից, առաջադեմ, բաց, հանդուրժողական երկիր»: Ո՞վ կարող է խաբվել նման բացահայտ ստերով:
Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ վարձել է տասնյակ PR և լոբբիստական ընկերություններ, սակայն այս պահին, նրա համար աշխատում են ընդամենը չորս նման ընկերություններ:
1) Podesta Group, Inc-ին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար. «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակակական կազմակերպությունների հետ»:



