Panarmenian.net-ը գրում է.
Եվրամիության անդամ երկրները 5 անգամ ավելի շատ սիրիացի փախստական են ընդունել Թուրքիայից, քան դա ի սկզբանե նախատեսված էր փախստականների վերաբերյալ համաձայնագրով, որը կնքվել է Թուրքիայի կառավարության հետ Անկարայում: Այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի հրապարակած նոր տվյալները:
2016 թվականի մարտին թուրքական կառավարության հետ կնքված համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց ի վեր հունական կղզիներով անօրինական ճանապարհով ԵՄ երկրներ տեղափոխված 1210 փախստական հետ է արտաքսվել Թուրքիա, հաղորդում է Deutsche Welle-ն Bild թերթին հղումով:
Նույն ժամանակահատվածում ԵՄ-ն Թուրքիայից ընդունել է 6254 սիրիացի, որոնց տեղաբաշխել են 15 պետությունում: Արդյունքում, նրանցից 2270-ը հաստատվել է Գերմանիայում: Ստացվում է, որ մեկ արտաքսված փախստականի փոխարեն ԵՄ է գնացել 5-ը, սա այն դեպքում, որ ըստ Անկարայի հետ ունեցած համաձայնագրի, հարաբերակցությունը պետք է լիներ «մեկը մեկին»:
Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի գարնանից՝ վերաճելով լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից: