Շա՜տ ափսոս, որ «Ելք»-ի իմ գործընկերոջ կողմից ամբողջ խորությամբ չընկալվեց խնդրի նրբությունը, և կոնկրետ շահագրգիռ փոքր արտահանողի հեռախոսահամարը տալու և, եթե իրոք խնդիր կա, այդ խնդիրն այսօր իսկ լուծելու փոխարեն գերադասվեց հարայ-հրոցի հերթական ալիքի հրահրումը։ Ափսոս։ Տարիներ անց քաղաքականության մեջ իրենց առաջին քայլերն անողների համար ևս հաստատ պարզ կդառնա, որ հասարակական-քաղաքական գործունեություն նշանակում է նախևառաջ մարդկանց հոգս թեթևացնել, մարդկանց համար խնդիր լուծել։
Սիրելի՛ գործարար, ում ծիրանը չի իրացվել, դիմե՛ք հենց հիմա «Սպայկա», իրենք կօգնեն հենց հիմա այդ հարցը լուծել։ Դուք հաստատ որոշ գործիչներից շուտ կընկալեք խնդիրը և հաստատ գոհ կլինեք. այդ մասին ինձ այսօր բացատրեց իրենց վաճառքի պատասխանատուն։ Ինքս հասկացել եմ խնդիրը, իսկ ում խնդրել եմ փոխանցել այս հաղորդագրությունը Ձեզ և հեռախոսահամար տալ, որ հետ զանգեն, վստահ չեմ։
Հ.Գ. Հարգելի՛ Արայիկ, ես Կորեայից վերադառնում եմ ամսի 29-ին, արդեն հասկացել եմ, որ ձեր առաջնային խնդիրը աղմուկ-աղաղակն է, իսկ հազարավոր գյուղացիների հոգսն ու ճակատագիրը՝ հարմար առիթ։ Երևան վերադառնալուց անմիջապես հետո կխոսեմ իմ առավել փորձառու գործընկերներ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հետ, եթե հարմար գտնեն, իրենց հետ կգնամ «Սպայկա»։ Վստահ եմ, որ իրենք ամեն ինչ հավուր պատշաճի կհետևեն իրերի դրությանը ու առաջ կտանեն գյուղացու ու արտահանողի շահը։ Մնաք բարով։