Արդեն երեք տարի է, ինչ Associated Press-ի լուսանկարիչ Վոնգ Մայե-Ին աշխատում է Հյուսիսային Կորեայում՝ փորձելով ձեռք բերել տեղացիների վստահությունը։ Այս ավտորիտար երկրում իշխանություններին կամ Կիմ Ջոնգ Ունին հակառակվելը կարող է ճակատագրական լինել, իսկ միջազգային մամուլի հանդեպ վստահությունը բացարձակապես բացակայում է։
Մարդկանց լուսանկարներն անելու համար Մայեն օգտագործում էր այնպիսի ֆոտոխցիկ, որը մի քանի վայրկյանում տպում է արված լուսանկարը։ Այսպես մարդիկ մի փոքր ավելի հեշտորեն էին մտերմանում նրա հետ։ Կարճ հաղորդակցությունից հետո, երբ կարծես սառույցը կոտրվել էր, Մայեն նրանց տալիս էր հետևյալ հարցերը․ «Ի՞նչն է քեզ համար կարևոր» և «Ո՞րն է քո կյանքի շարժառիթը, մոտիվացիան»։
Պատասխանները շոկային էին, քանի որ բոլորը կարծում էին, թե ապրում են, որպեսզի պաշտպանեն ու պահպանեն Կիմ Ջոնգ Ունին, իրենց երկիրը և իշխանությունների գաղափարախոսությունը։
Ահա լուսանկարչի արած նկարներն ու դրանցում պատկերված անձանց պատասխանները։
«Որպես աշխատավոր դասի ներկայացուցիչ՝ ես պատրաստ եմ ինձ զոհաբերել՝ իրականացնելու մարշալ Կիմ Ջոնգ Ունի մեծ ծրագիրը, և ես շատ քրտնաջան կաշխատեմ, որպեսզի հասնեմ դրան»,- Կիմ Ջոնգ Սիլ։

«Աղջիկ լինելը ինձ չի կարող կանգնեցնել, որպեսզի աջակցեմ մարշալ Կիմ Ջոնգ Ունի իշխանությանը»,- Ջան Սոլ Յանգ։

Պակ Սին Յոկը խոսում է Ցյուցեից՝ նախկին նախագահ Կիմ II Սունգի ստեղծած գաղափարախոսությունից․ «Իմ նպատակն է լույս սփռել Ցյուցե արվեստի վրա և փառք բերել այդ գաղափարախոսությանը, որը ինքնավստահության մասին է»։

Ռի Նամ Հաեն՝ աջ կողմից, ասաց․ «Ցանկանում եմ մեր երկրի քարոզչությունը տարածել ողջ աշխարհով մեկ»։ Իսկ ձախ կողմում կանգնած Կիմ Մյոնգ Կյոնգը նշեց․ «Ես պատրաստ եմ անգամ զենքով բարձր պահել մարշալ Կիմ Ջոնգ Ունի և Հյուսիսային Կորեայի պատիվը»։

«Ցանկանում եմ սպորտի բնագավառում հաղթել և մեդալներ ստանալ, որպեսզի հաճույք պատճառեմ մեր ղեկավարին՝ Կիմ Ջոնգ Ունին»,- Վոն Դաե Չոլ։

«Իմ նպատակն է լինել գերազանց աթլետ, ստանալ ոսկե մեդալներ և ողջ աշխարհով մեկ տարածել սպորտով զբաղվելու մեր կանոնները»,- Ռի Սուկ Յանգ։

«Իմ կյանքի շարժառիթը ուրախ կյանքով ապրելն ու կյանքս մեր երկրի իշխող կուսակցությանը նվիրաբերելն է»,- Ռի Չուն Իմ։

«Միշտ օգնել մյուսներին, բայց, իհարկե, հայրենասիրությունը ամենակարևորն է»,- Կիլ Ջին Ա։

«Կյանքիս մնացած տարիները նվիրաբերել Կիմ Ջոնգ Ունին՝ միայն նրան և մեր հայրենիքին»,- Պակ Սու Վոն։

«Շատ երեխաներ լույս աշխարհ բերել, որպեսզի նրանք ծառայեն բանակում և պաշտպանեն ու աջակցեն մեր երկիրը, մեր ղեկավարին»,- նշել է նորապսակ զույգը։

«Ցանկանում եմ դասախոսությունների և շրջագայությունների միջոցով տարածել մեր գաղափարախոսությունը, որպեսզի մյուս մարդիկ էլ հոգով նվիրվեն այս ծաղկող ու բարգավաճող ազգին»,- Կիմ Սոն Հուի։

Նկարում պատկերված երկու աղջիկների պատասխանները նույնն էին․ «Մեր երկրի ժողովրդի համար քրտնաջան աշխատելով հաճույք պատճառել մեր սիրելի ղեկավարին»։

Համ Կում Հյոկը՝ ձախից․ «Ցանկանում եմ մի օր միջազգային որակի հրատարակիչ դառնալ»։ Իսկ աջ կողմում գտնվող Պակ Մի Յանգը նշեց․ «Ցանկանում եմ լավ սովորելով հաճոյանալ մեր ղեկավար Կիմ Ջոնգ Ունին»։

«Քրտնաջան աշխատել, որպեսզի հետ վերադարձնեմ մարշալի՝ մեր հանդեպ ունեցած սերն ու հոգատարությունը»,- Կիմ Հյոն Աե։




