Հունիսի 16-ից 18-ն Արցախի Հանրապետության ԱԺ-ում տեղի է ունեցել հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ դաշինքների և վերջիններիս մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խոշոր արտախորհրդարանական քաղաքական ուժերը ու Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ կապված թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական խնդիրների հետ։ Ի թիվս բազմաթիվ հարցերի` քննարկվել է նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը։ Նման տեսակետ պաշտպանողների թվում էր նաև Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար, «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը։ Վերջինս զուգահեռներ էր տարել հայ-թուրքական արձանագրությունների հետ։
Հիշենք, որ այն երկու տարի մնաց ՀՀ ԱԺ մեծ օրակարգում: Այս թեմայի շուրջ քննարկումները վերջին տարիներին ՀՀ քաղաքական օրակարգից դուրս չեն գալիս։ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցը չափազանց մեծ կարևորություն ունի ՀՀ քաղաքական կյանքի համար։ Հասկանալի է, որ թեման կարևոր է ցանկացած հայ մարդու համար, նորմալ է, որ տարբեր կարծիքներ են հնչում… այնուամենայիվ կարծում եմ` ճիշտ չէ հարցն օրակարգ մտցնել, պարզապես քննարկել ու թողնել օրակարգում, որպես քաղաքական երևույթ։
Պետք չէ Արցախի հիմնահարցը ու հայ-թուրքական արձանագրությունները դնել նույն հարթության վրա, քանի որ վերջինի՝ օրակարգում կախված մնալը բոլորովին այլ խնդիր էր լուծում: Հուզական հարթությունից զատ, պետք է դիտարկել ռացիոնալ տեսանկյունից ու սթափ ուղեղով գնահատել հարցի դրական ու բացասական կողմերը: