1. Հացադուլ հայտարարելով` նա ժողովրդական պայքարը վեր էր ածել մեկ կամ մի քանի անձանց պայքարի, որը տվյալ իրավիճակում անընդունելի քայլ էր, քանի որ այն կես միլիոնից ավելի մարդիկ, ովքեր իրենց քվեները տվել էին նրան, նույնպես պետք է մասնակցեին պայքարին. եթե ոչ բոլորը, ապա գոնե նրանց մի ստվար զանգված:
2. Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, պետք է պետության համար լինի բարձրագույն արժեք, ու անթույլատրելի կլիներ նրա կյանքի կամ առողջության լուրջ կորստի գնով փորձել հասնել ինչ-որ դրական արդյունքի:
3. Պետք է հասկանալ, որ ՀՀ-ում «հացադուլ»-ը՝ որպես պայքարի միջոց, իրեն սպառել է, քանի որ մեր նորանկախ պետության տարեգրության մեջ բազմիցս ականատես ենք եղել նմանատիպ ակցիաների, որոնցից բոլորը կա՛մ չեն հասել իրենց առջև դրված նպատակին, կամ էլ ունեցել են էպիզոդիկ հաջողություններ, որը թույլ չի տալիս դա դարձնել մասսայական պայքարի ձև, այն էլ` ռեժիմների դեմ, որոնց և ոչ մի անգամ, ի սկզբանե էլ, չի հետաքրքրել հացադուլավորը, քանի որ ՀՀ-ում մի քանի տասնյակ հազար անգամ շատ են ակամա հացադուլավորները, ովքեր ուղղակի ի վիճակի չեն սնվելու համար գումար հայթայթել:
Ինչևէ, իմ սուբյեկտիվ, միգուցե նաև օբյեկտիվ կարծիքով` այստեղ հարցը ավելի խորքային է. ժողովուրդը հավատում ու գնում է մի մարդու ետևից, ով ի սկզբանե իր տված խոստումը չի կարողանում կատարել կամ գնում է ինչ-որ առևտրային հարաբերությունների, ինչն ավելի աղետալի հետևանքներ է ունենում հասարակության վրա և՛ որպես քաղաքացի, և՛ որպես անհատ:
Որպես ՀՀ քաղաքացի՝ թույլ եմ տալիս ինձ խորհուրդ տալ ՀՀ բոլոր քաղաքական գործիչներին.
Պարոնա՛յք, ի գիտություն մի՛ ընդունեք դարերի խորքից եկող այն խոսքը, թե քաղաքական խոստումները կարելի է չկատարել, քանի որ ամեն անգամ նման քայլ անելով` մեր նորանկախ պետականության մեջ վտանգում եք անհատի` որպես քաղաքացիական հասարակության անդամ ձևավորվելու բարդ ու միաժամանակ պետության կայացման համար շատ կարևոր գործընթացը՝ անկախ նրանից դա հնչում է ընդդիմադիր, թե իշխանական պաշտոնյայի կողմից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gagik.mamulyan/posts/555312394508596
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել