Ամերիկացիները խոցել են սիրիական SU-22 ինքնաթիռ ատ-Տաբկայի մոտ, որն, ըստ ամերիկացիների, ռմբակոծել է Սիրիայի դեմոկրատական ուժերի կայանատեղիները: Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք բաղկացած են քրդերից և այլ արաբական ուժերից, Վաշինգթոնի հիմնական դաշնակիցներն են ներկայիս սիրիական հակամարտությունում: Վերջիններս զբաղված են Իսլամական պետության կենտրոնը համարվող ալ-Ռակկայի ազատագրման ռազմական գործողություններով:
Ըստ սիրիական կողմի՝ ինքնաթիռը զբաղված է եղել Իսլամական պետության դիրքերի ռմբակոծությամբ:
Ինչևէ՝ վերջին օրերին նկատելի էր Սիրիայի այս հատվածում կառավարական ուժերի ակտիվություն և կանխատեսվում էր անմիջական բախումներ ոչ թե իսլամականների հետ, այլ հենց Սիրիայի դեմոկրատական ուժերի: Չի բացառվում, որ սիրիական օդուժը ներգրավված է ցամաքում կռվող սիրիական բանակին աջակցությամբ:
Սա կարծես նաև վկայում է, որ Բաշար ալ-Ասադն այնքան էլ վերահսկելի չէ պաշտոնական Մոսկվայի կողմից, ինչպես պնդում են շատերը: Չեմ կարծում, որ ռուսներին ձեռնտու էր, որ ամերիկացիները սիրիական ինքնաթիռ խոցեին՝ ռուսական ՀՕՊ համակարգերի առկայության և ամերիկացիներին Սիրիայի օդում թույլ չտալու հայտարարությունների ֆոնին: