Այս օրերին մի իսկական իրարանցում է առաջացրել ԲՀԿ-ի նորագիր Վարդան Օսկանյանի՝ «Կոալիցիան ձևական բնույթ է կրում» արտահայտությունը, ինչպես նաև կուսակցության երիտասարդ գործիչներ Տիգրան Ուրխանյանի ու Վահան Բաբայանի մոտեցումները, որ՝ ընտրություների պատճառով իշխանական կոալիցիան այլևս չի գործում: ՀՀԿ-ի տարբեր տրամաչափի գործիչները շտապեցին հակադարձել ԲՀԿ-ականներին, բայց այնքան վախվորած, այնպիսի սիրաշահելով ԲՀԿ-ին ու նրբորեն մեղքը գցելով հայտարարությունների հեղինակների վրա, որ ակամայից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի պահվածքը լրջորեն անհանգստացնում է Հանրապետականին:
Հարցն այն է, որ Օսկանյանն ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասում են մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որ եթե մի կուսակցություն ունի մեծամասնություն խորհրդարանում, ապա կոալիցիա կազմելը ոչ միայն նոնսենս է, այլև պարզ խաբեություն ընտրողի նկատմամբ, ով ձայն է տվել ու պատվիրակել, որ տվյալ ուժը իրականացնի այն կուրսը, որի համար վստահության քվե է ստացել: Մինչդեռ ստանալով անհրաժեշտ ձայները, ընտրողին ասում են, թե չեն իրականացնելու սեփական ծրագիրը, այլ ներգրավելու են այլ ուժերի, որոնց ծրագրերը այնքան էլ արժանահավատ չի համարել ընտրողը, այլապես նրանց կտար նախապատվությունը: Այսինքն, եթե կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններից որևէ մեկը դուրս է գալիս կոալիցիայից, սակայն այն շարունակում է գոյատևել, ինչպես եղավ ՀՅԴ-ի դեպքում, կնշանակի կոալիցիան իսկապես ձևական բնույթ է կրում, սա արդեն կոալիցիա չէ, այլ՝ բազմակուսակցական կառավարություն՝ ձևավորված իշխող կուսակցության ցանկությամբ:
Երկրոդ, ակնհայտ է, որ եթե կուսակցություններն առանձին-առանձին են գնում ընտրությունների, ապա դա նշանակում է, որ հենց իրականացվեն առաջադրված կուսակցություների գրանցումները, այդ պահից կոալիցիան փաստորեն դադարում է գոյություն ունենալուց: Այն ընդամենը շարունակում է իներցիոն կերպով գոյատևել մինչև նոր ընտրություների արդյունքում նոր կառավարության ձևավորումը: Այո, բայց այդ բոլորն իմանալով ինչո՞ւ է ՀՀԿ-ական վերնախավը համառորեն պնդում, որ կոալիցիան կա ու նրա հետ ոչինչ չի կատարվել: Մի պարզ պատճառով, որ եթե չի գործում կոալիցիան, բնականաբար, չի գործում նաև 2011թ. փետրվարի 17-ի հայտարարությունը, որով անդամ կուսակցությունները պարտավորություն էին վերցրել 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: Սրա համար լուրջ հիմքեր կան նաև այն դեպքում, երբ այդ հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանը պարզորոշ հայտնեց, որ հիմա գնում են խորհդարանական ընտրությունների, իսկ նախագահին սատարելու մասին կխոսեն ընտրություններից հետո, արտահայտելով դա տպավորիչ ձևակերպմամբ՝ այդ մասին հաջորդ դասին: Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի հաշվարկը սխալ դուրս եկավ. երբ նա ԲՀԿ-ին հայտարարություն ստորագրել պարտադրեց, համոզված էր, որ նա հասարակության աչքում կվարկաբեկվի: Ինչից հետո ուզի-չուզի համաձայնվելու է ՀՀԿ-ի փոքր եղբոր կարգավիճակին: Սակայն ավելի քան մեկ տարվա ընթացքում ԲՀԿ-ի վարկանիշը ոչ միայն անկում չապրեց, այլև աճ արձանագրեց: Իսկ դա այն դեպքում, երբ մնաց կոալիցիայի մեջ, օգտվեց իշխանական լծակներից, թիմը պահելու համար ոչ թե ծախսեր կատարեց, այլ գումարներ վաստակեց՝ օգտվելով իշխանության մեջ իր ներկայացվածությունից: Եվ հիմա այդ կարգավիճակով գնում է ընտրությունների՝ անթաքույց ակնկալիքով, որ ցանկանում է մեծամասնություն ունենալ, կամ էլ նվազագունը հասնել նրան, որ ՀՀԿ-ն չունենա մեծամասնություն, և պարտադրված լինի իրական կոալիցիա կազմել, այլ ոչ թե ձևական, ինչպես այս դեպքում: Չմոռանանք, որ նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, ու Ռոբերտ Քոչարյանն էլ չի թաքցնում իր հավակնությունները:
Հիմա ընտրապայքարին մասնակից բոլոր ուժերն էլ գլուխ են բարձրացնում, օգտագործելով նախընտրական ակտիվությունը և ակնհայտորեն համաձայն չեն օգտվել Սերժ Սարգսյանի առաջարկած երաշխավորած ողորմությունից նախապես, իբր վախենալով, որ ընտրություններից հետո կարող է դրանից էլ զրկվեն: Այսօր քաղաքական դաշտում դերակատարություն ունեցողները լավ էլ հասկանում են, որ ինչ էլ Նախագահը պայմանավորվի, միևնույն է ԱԺ ընտրություններից հետո բոլորն էլ հիմքեր են ունենալու իրենց նեղացած ցույց տալու ու չհարգելու այդ պայմանավորվածությունները: Քաջ գիտակցելով, որ ընտրություներից հետո, նոր իրավիճակ է ստեղծվելու և իրենք հաստատ ավելին կստանան. եթե ոչ այլ ուժերի կողմից, ապա հաստատ հենց Սերժ Սարգսյանի, ով պարտադրված կլինի ավելին անել, քան այժմ է խոստացել:
Այնպես որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունները կհարգեն միայն «հաճախորդը», «իդիոտը», «դհոլը» և մի քանի նման որակի գործիչներ, ովքեր պարզապես որևէ տեղ գնալու հնարավորություն չունեն: Ի դեպ, դատելով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակից, կարծիք է շրջանառվում, որ ՀՀԿ-ն ստիպված է լինելու կուսակցությանը կից վերակենդանացման բաժանմունք բացել՝ քաղաքական բազմապիսի դիակներին հետ բերելու համար: Բայց դրանով հավանաբար հարցը չի լուծվի, և ստիպված է լինելու առաջիկայում կուսակցությանը կից նաև «մորգ» բացել, քանի որ ցուցակի մեջ շատեին փրկելն ուղղակի անհնարին կլինի: Եվ ինչպես լոռցիներն են դիպուկ նկատում. «Ոնցոր մեռելին գրելկա դնես»:
Այնպես որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ոչինչ չի մնում, քան գնալ «Վա-բանկ»՝ կամ ամբողջը կստանա, կամ կկորցնի: Ի դեպ որքան ծանոք ենք նախագահի գործելաոճին նա նման կտրուկ վարքագիծ երբրև չի դրսևորել, հիմա ստացվում է, որ իր համար նոր ու վտանգավոր քայլի է նա գնում: Դե ինչ, կարծում եմ, արդյունքներն իրեն երկար սպասեցնել չեն տա: