Շաբաթը հեզաճկուն շարժումներով բացեցին մեր նայիրյան աղջիկները՝ «Միսս Հայաստան-2012» գեղեցկության և նրբագեղության մրցույթի նախընտրական փուլն իսկական հումորային հրավառության վերածելով: Մրցույթը, որը 2007-ից հետո ֆինանսական խնդիրների պատճառով մի քանի տարի ընդմիջվել էր, պարզվեց բնավ էլ չէր կորցրել իր մասսայականությունը հայության շրջանում: Մրցույթին սրտատրոփ սպասում էին, իսկ հայուհիների BKN-ով ելույթներին հատկապես կարոտում: Արի ու տես մրցույթի պասիվության ընթացքում հայուհիների գլխներում փոթորկվող փոփոխությունների ալիքը բնավ էլ չէր հանգստացել, ընդհակառակը հայկական մենթալիտետը իրական հեղաշրջում էր ապրել մի քանի տարում: Ասվածի վառ ապացույցն էր այս տարի մարզերում բնակվող մեր գեղեցկուհիների անակնկալ ակտիվությունը: Չնայած գեղեցկության մասին վերջիններիս պատկերացումները խիստ սուբիեկտիվ էին, այնուամենայնիվ մրցույթի կանոնները չէին արգելում նրանց իրենց ուժերը նույնպես փորձել: Փորձելը փորձեցին, իսկ դրանց տեսագրությունները համացանցում իսկական բում առաջացրին՝ ծնունդ տալով քննարկումների, որոնք մեծամասամբ ծաղրական բնույթի էին:
Թիվ 7 ընտրատարածքի թեմայով Ժառանգության և ՀԱԿ համակիրների միջև սկսված ցեխ շպռտոցիների վերջակետը դրեց շաբաթվա սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարությունն այն մասին, որ հանում է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից և հաջողություն է մաղթում նույն ընտրատարածքում Հայ Ազգային Կոնգրեսից առաջադրված Նիկոլ Փաշինյանին: Հովհաննիսյանի առաջադրումը նույնքան անակնկալ էր, որքան որ թեկնածությունը հանելը և ծնեց բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կցկտուր կարելի էր լսել ժառանգության ֆեյսբուքյան ներկայացուցիչներից: Հովհաննիսյանի՝ թեկնածությունը հանելու առթիվ ֆեյսբուքում իր մեկնաբանությունն արեց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ գրելով. «Ինչ մեղք են «Ժառանգության» ժողովուրդը, դե արի՝ սրա տակից կռուտիտ եղի»:
Նախընտարական զարգացումների վրա իսկական ստվեր գցեց մերկապարի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանի (Վարդա) ժամանումը Հայաստան: Բացի այն, որ Վարդան մի քանի օրով պարալիզեց ողջ հայական մամուլը, նաև դարձավ համացանցում ամենաշատ քննարկվող մարդկանցից մեկը: Նրա նկարները ողողեցին ինտրնետը, իսկ մերկապարի հեզաճկուն կատարումները հսկայական թվով դիտումները հավաքեցին:
Շաբաթվա ամենազավեշտալի իրադարձություններից էր Արմեն Աշոտյան օգտատիրոջ կողմից Youtube ցանցում տեղադրված տեսահոլովակը, որը «Գեղամյանի կուսակցության հիմնը» վերնագիրն էր կրում: 1 րոպե 30 վայրկյան տևողությամբ տեսանյութը ներկայացնում էր 3 երիտասարդների, որոնք «Ազգային միաբանություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի մուտքի մոտ դհոլ էին նվագում: «Խուսափեք կեղծիքներից, հայտնի է, որ կեղծում են որակյալը»,-իր ֆեյսբուքյան էջում այս բավական անհամեստ արտահայտությամբ արձագանքեց այս տեսահոլովակին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իսկ Գեղամյանի արձագանքը մի քիչ անսպասելի էր, եթե ոչ շոկային. «Մենք էինք վարձել երիտասարդ երաժիշտներին` Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգիստը անցկացնելու համար»: Հովհաննիսյանի ղեկավարած Քաղաքագետների միության գրասենյակը գտնվում է նույն շենքում, որտեղ և` «Ազգային միաբանությունը»: «Не смешитье мои тапки»,- կասեր ռուսը:
Համացանցի քննարկման հաջորդ թեման պատգամավոր առաջադրվելու մասին մերժված դիմումով Խաչատուր Սոուքիասյանն էր, ում փասթաթղթերը ինչպես պարզվեց չեն բավարարում գրանցման համար անհրաժեշտ պահանջներին: Սուքիասյանին մերժելու փաստին համացանցը բավական բացասական արձագանքեց՝ դա որակելով որպես անառողջ քայլ իշխանությունների կողմից:
Համացանցային հաջորդ շոկը կրկին ՀԱԿ ճամբարից էր: Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր թիրախում: Բագրատյանի անունից լրատվամիջոցներին բլեֆ-նամակ ուղարկվեց, որում նա իբր պատմվում էր այն մասին, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանին խնդրել, որ իրեն աշխատանքից ազատի, որպեսզի ինքը «երկրի կործանման մասնակից» չլինի: Նաև անկեղծանում էր այն ժամանակ տիրող անօրինությունների ու կաշառակերության մասին: Նամակ 4-ը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց: Շատերն էին ապշած Բագրատյանի անակնկալ անկեղծությունից և համարձակությունից: Բլոգերների մի մասն էլ պնդում էր, որ մեմուարներ գրել դեռ վաղ է: Ինչևէ րոպեներ անց Բագրատյանն արձագանքեց նամակին՝ նշելով, որ վերջինիս հեղինակն ինքը չէ և կասկած հայտնեց, որ դա գուցե իշխանությունների պատասխանն էր իր նամակ 3-ին:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակեց 2012 թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների համար ընտրողների թիվը՝ 2 մլն 485 հազ. 844 մարդ։ Այս թիվը մի քիչ տարօրինակ թվաց արտագաղթի և բնակչության բնական աճի խնդիր ունեցող Հայաստանի համար և բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Ով չալարեց անդրադարձավ այս թվերին: Չալարողների հիմնական փաստարկն այն էր, որ իշխանությունները մահացածներին նույնպես ներառել են ցուցակներում: «Հայաստանում հազիվ այդքան մարդ լինի, բայց այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցից: Թե քանի՞ հարյուր հազար գոյություն չունեցող մարդու է իշխանությունը լցոնել ցուցակներում, թողնում եմ ձեր եզրահանգմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրեց Ժառանգության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Բորբոքվող կրքերին սառը ցնցուղով պատասխանեց ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Աշոտ Խուրշուդյանը, ով իր գրառմամբ հիմնավորեց, որ թվերը նորմայի սահմաններում են. «2012 թվականը ընտրողների քանակի պիկն է, որից հետո մի երկու տարի կայուն է վիճակը, իսկ հաջորդ ԱԺ ընտրություններին կզգանք սրընթաց անկումը՝ հայոց ծնունդների պակասի աղետը»:
Համացանցին քոռ դանակով մորթեց Հայաստանի դեղագործների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, ով հայտարարեց, որ Հայաստանի դեղատներում օրեր առաջ հայտնվել են ադրբեջանական ներդիրով դեղեր և հավելեց, որ չի բացառվում, որ դեղերը ներկրվել են հենց Ադրբեջանից: Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Սամվել Սարգսյանն այս թեմայով գրեց. «Հայաստանում ադրբեջանական դեղերի վաճառքը տեղի է ունենում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեղքով և առողջապահության նախարարության թողտվությամբ։ Վարչապետի պնդմամբ և այդ նախարարության լռելյայն համաձայնությամբ էր, որ անցյալ տարվա մարտի 21-ին կառավարությունն ընդունեց չգրանցված տուփերով և ներդիրներով դեղերի ներմուծումը թույլատրող որոշում, թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն դեմ է նման գործունեությանը: Իսկ այն, որ ահազանգից երկու շաբաթ հետո այդ դեղերը դեռ չեն առգրավվել, արդեն խոսում է ֆարմացիայի և ընդհանրապես ՀՀ կառավարման համակարգի փթածության մասին»։
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից ճարպկորեն խույս տվող Սամվել Ալեքսանյանը շաբաթվա ընթացքում չդադարեց ապշեցնել ոչ միայն իր արտահայտած մեկը մյուսից խելոք մտքերով, այլև պարզապես փայլեց սննդի ոլորտում: Համացանցում հայտնվեց և հաշված րոպեներում տարածվեց «Երևան սիթի» սուպերմարկետներից մեկում հայտնված հաջորդ օրվա թողարկման պիտակով պանրի տուփը, ինչն անկասկած ոչ միայն սպառողների շահերի կոպիտ ոտնահարում է, այլև ընտրություններից առաջ հիշողության թարմացում Սամվել Ալեքսանյանի երկրպագուների համար:
Հետաքրքիր միջադեպ գրանցվեց ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, որտեղ բազմաթիվ դրոշների կողքին տեղ էր գտել ևս մեկը՝ կապույտ գունավորմամբ և Facebook գրվածքով: Երևույթն ինքնին հետաքրքիր էր և մատնանշում էր համացանցի կարևորությունը հասարակական-քաղաքական կյանքում: Զարմանքի մեծ ալիք բարձրացավ: Ժամեր անց նկարի հերոսը՝ Areg Gevorgyan-ը պարզաբանումներ տվեց. «Դրոշը՝ խորհրդանշում է բոլոր սոցիալական ցանցերը և ընդհանրապես համացանցը, որի օգտագործումը կարող է իսկապես հակակշիռ դառնալ իշխանական դեզինֆորմացիային, ինչպես նաև դառնալ այլընտրանքային վերահսկողության գործիք իշխանական ապօրինությունների դեմ: Համացանցը մեծ կարևորություն է ունենալու ընտրակեղծիքները ֆիքսելու, իսկ դրանից հետո իրենց ձայներին տեր կանգնել ցանկացող քաղաքացիների առավելագույն մոբիլիզացիան ապահովելու և կազմակերպված բողոքի միջոցառումներ կազմակերպելու համար»:
Համացանցի կողմից ամենայն Սյունյաց խայտառակություն որակումը ստացած Սուրիկ Խաչատրյանը այս շաբաթ էլ հայտնվեց ուշադրության կենտրոնում կանանց հետ վարվեցողության իր խիստ «տղամարդկային» մոտեցումներով: Զոհն այս անգամ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, ում բախտը ի տարբերություն Սիլվա Համբարձումյանի բավական բերել էր և մի կերպ պրծել էր հայհոյանքներով: Բլոգերները մեծ աղմուկ բարձրացրին և պահանջեցին Լիսկային հեռացնել ՀՀԿ ցուցակից: Փաստի առթիվ ՀՀԿ-ի արձագանքն ուշանում է:
Շաբաթվա վերջում կրկին ուշադրության կենտրոնում էր Մաշտոցի պուրակը: Մի խումբ արվեստագետներ՝ Տիգրան Խզմալյանի գլխավորությոնամբ հայտարարեցին, որ պատրաստվում են ապամոնտաժել կրպակները. նույնիսկ ապամոնտաժման համար օգտագործվելիք գործիքների ցանկը հրապարակեցին: Մարտի 31-ին պուրակում իրոք թեժ էր: Մի քանի հարյուր մարդ էր հավաքվել ոգևորելու հերոսների տասնյակին: Բայց ինչպես պարզ դարձավ հերոսները պլոճիկի հետ կապված լուրջ խնդիրներ ունեին: Նայեցին, չափեցին, լուրջ դեմքով պտույտներ գործեցին կրպակների շուրջ, ապա, երբ բացահայտեցին, որ իրենց գործողությունները անօրինականոտ են և ոստիկանները թույլ չեն տա նախաձեռնությունը կյանքի կոչել, զենքները վայր դրին ու դարձան եկած ճանապարհով: Happy end սրան ոչ մի կերպ չես անվանի: Ի դեպ նախաձեռնությունը բնապահպաններից ոչ բոլորի սրտով էր: «Ես կտրականապես անհամաձայն եմ այս «ապամոնտաժման» կրկեսի հետ: Անօրինականության դեմ անօրինականությամբ պայքարելը իմաստազրկում ու արժեզրկում է հենց օրենքը` առաջին հերթին»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց բլոգեր Էդգար Բարսեղյանը:
Բացի Տիգրան Խզմալյանից շաբաթը բարի չէր նաև Anomymous հաքերային խմբի համար: Վերջինս մոտ մեկ ամիս առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պատրաստվում է մարտի 31-ին ամբողջ աշխարհում ինտերնետը մի քանի ժամով անջատել: Մարտի 31-ը եկավ, բայց ինտերնետի անջատումներ այդպես էլ չգրանցվեցին: Պատժիչ գործունեությունն ակնհայտորեն չհաջողվեց, իսկ «անկասելի» Anomymous-ը կարմրելու լավ առիթ ունեցավ:
Շաբաթվա վիդեոյի հերոսն անկասկած Գագիկ Ծառուկյանն է իր դեմքի շփոթված արտահայտությամբ
Իսկ շաբաթվա ֆոտոյի հերոսը կարճ հիշողությամբ մեր ճամբարափոխ ընկերն է՝ Արտաշես Գեղամյանը: