ԱՄՆ Ազգային Հետախուզական Խորհուրդը (National Intelligence Council), որը հանդիսանում է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոններից (think tank) մեկը, հրապարակել է գլոբալ միտումների իր վերջին գնահատականը`Գլոբալ միտումներ 2030. Այլընտրանքային աշխարհներ (Global Trends 2030: Alternative Worlds), կանխատեսում, թե ինչպես կարող է աշխարհը փոփոխվել մինչև 2030 թվականը: Հրապարակումը առանձնացնում է մի քանի «մեգամիտումներ» և «խաղի կանոնների» փոփոխություններ, որից հետո նշում է 4 տարբեր հավանական սցենարներ` դրանով իսկ ընդգծելով ապագան կանխատեսելուն բնորոշ անորոշությունը: Քանի որ հրապարակումը բավական ծավալուն է, համալրված բազմաթիվ վերլուծություններով, անհնար կլինի այստեղ դրանք ամբողջությամբ ներկայացնել, ուստի ընդհանուր կերպով անդրադառնանք վերը նշված «մեգամիտումներին», իսկ աշխարհի զարգացման 4 հավանական սցենարների մասին կարող եք տեղեկանալ այդ աշխատանքից, որը հասանելի է համացանցում:
Ըստ հրապարակման` առաջին գլխավոր միտումն է լինելու անհատի հնարավորությունների աճը, որը պայմանավորված է լինելու աղքատության կրճատմամբ, կրթության ավելի հասանելիությամբ, առողջապահության համակարգի զարգացմամբ, համաշխարհային միջին խավի մասնաբաժնի մեծացմամբ և ավելի հասանելի հաղորդակցության միջոցներով և այլ տեխնոլոգիաներով (այդ թվում կարծանարար): Երկրորդ գլխավոր միտումը իշխանության և հզորության դիֆֆուզիան է, որի համաձայն՝ երկրների միջև հզորության բաշխումը կդառնա ավելի դիֆուզիվ, քանի որ ի հայտ եկող նոր շուկաները կաճեն արագորեն, բազմաթիվ հարուստ երկրներ «կծերանան»` զուգահեռաբար գրանցելով ավելի դանդաղ աճ: ՀՆԱ, բնակչության, ռազմական ծախսերի և տեխնոլոգիական ներդրումների ցուցանիշներով և աշխարհում ուժերի բաշխման տեսանկյունից Ասիան առաջ կացնի Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից: Միայն Չինաստանը հավանաբար կունենա ամենախոշոր տնտեսությունը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ին արդեն մինչև 2030 թվականը:
Երրորդ միտման համաձայն` տեղի կունենան դանդաղ, սակայն` անշրջելի ժողովրդագրական փոփոխություններ, քանի որ բազմաթիվ երկրներում բնակչության «ծերացումը» կզուգորդվի ամենուրեք երիտասարդ բնակչության մասնաբաժնի աճով, ուրբանիզացմամբ և խոշոր միգրացիաներով: 2030 թվականին աշխարհի բնակչությունը կհասի մոտ 8,3 միլիարդի (2012թվականի 7,1 միլիարդի նկատմամբ):
Վերջապես (չորրորդ միտում)` բնակչության աճը և սպառման չափերի մեծացումը ռեսուրսային ապահովվածության խնդիրներ կստեղծեն: Սննդին, էներգիային և ջրային ռեսուրսներին հասանելիությունը կդառնա ավելի կարևոր և փոխկապակցված խնդիրներ: Այս միտմամբ` 2030 թվականին սննդի, ջրի և էներգիայի նկատմամբ պահանջարկը կաճի համապատասխանաբար 35, 40 և 50 տոկոսով: Իսկ պահանջարկի այդ աճը նախ և առաջ պայմանավորված կլինի աճող միջին խավի պահանջարկներով: Դրան զուգահեռ կլիմայական փոփոխությունները էլ ավելի կվատթարացնեն վերոնշյալ ռեսուրսների հասանելիությունը:
Նյութի աղբյուրը` Global Trends 2030: Alternative Worlds, National Intelligence Council, 2012, 166pp.