«Պաշտպանության նախարարությունը հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից նկատվող ցանկացած շարժի ու պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել` հնարավոր սադրանքներն ու գործողությունները չեզոքացնելու ուղղությամբ»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ շաբաթվա սկզբին ադրբեջանական կողմը լուրեր էր շրջանառում այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարված է, կողմերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը մեկ զոհ ու երկու վիրավոր ունի (ՀՀ ՊՆ-ն հերքում էր վերոնշյալ լուրերի իսկությունը): Նման խոսակցությունները ակտիվացան նաև այսօր:

«Պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրերն այն մասին, թե իբր սահմանագծում մարտի 25-26-ը փոխհրաձգություն է եղել, և երկուստեք զոհեր են գրանցվել: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ դրանից հետո ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է, և ներկայումս սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը և կրկին ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել և չեզոքացնել ցանկացած սադրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել