Որպեսզի հասկանանք, թե «Սասնա ծռերի» գործողություններում հանցակազմ կա թե չէ, իրականում ուշադրություն պիտի դարձնենք այն հայտարարություններին, որոնք արել են խմբի անդամները ՊՊԾ գունդը գրավելու պահերին։ Եթե կհիշի ընթերցողը, նույն Պավլիկ Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը հայտարարում էին, որ գնդից դուրս են գալու կա՛մ ողջ ու իշխանափոխության հասած, կա՛մ մեռած։ Սա նշանակում է, որ մարդիկ հասկանում էին՝ ուր էին գնում, որ կարող են նրանց սպանվել։ Եթե նրանք ըմբռնում էին իրենց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցն ու դրա հետևանքները, որի արդյունքում իշխանությունը պետք է անշուշտ կամ ենթադրվում էր, որ կրակ կբացի ոստիկանական գունդը գրաված մարդկանց վրա, ուրեմն՝ գիտակցում էին իրենց գործողությունների ապօրինի լինելը։ Վարուժան Ավետիսյանը, եթե կհիշեք, գնդից դուրս գալիս հայտարարեց, որ իրենք պատրաստ են կրել պատասխանատվություն իրենց արածի համար։ Ով-ով, բայց նույն Ավետիսյանը երկար ժամանակ աշխատել է պաշտպանության նախարարությունում, շատ լավ հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում պետական շենք գրավելն, ու ինչ հետևանքներ կարող է այն ունենալ։ Պատահական չէ նաև, որ Ավետիսյանը մեկն է այն քչախոսներից, ովքեր այս օրերին ընթացող դատավարությունների ընթացքում որևէ ձայն-ծպտուն չեն հանում ու կարիք չունեն իրենց համակիրների առջև «հերոս» երևալու։ Մարդը հստակ գիտեր՝ ինչի է գնում ու առավել հստակ գիտի, թե ինչ է իրեն սպասվում այս արարքից հետո։ Մնում է միայն, որ այս ամենը հասկանան նաև նրա զինակիցներն, ու այդ ամենը հասկացնենք իրենց համակիրներին, ում համար դեռ շարունակում են հերոս մնալ, թեպետ զինված գործողությունների արդյունքում «Սասնա ծռերից» և ոչ մեկ չի զոհվել, բայց ոստիկանության կողմից կա երեք զոհ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել