Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա աշնանը մեծ էկրաններ կբարձրանա Հայկ Մարությանի «Սուպեր մամա 2» կատակերգությունը: Սցենարային զարգացումների մասին էլ է արդեն խոսվել, ըստ որոնց՝ ֆիլմում նոր կերպարներ են ավելացել: Այդ կերպարներից մեկին էլ մարմնավորել է հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանը: BlogNews.am-ը այսօր զրուցել է Հրաչի  հետ և պարզել ֆիլմի հետ կապված մի շարք հետաքրքիր մանրամասներ.

«Սա գեղարվեստական, արկածային կատակերգություն է, ու սա նման ֆիլմում նկարահանվելու իմ առաջին փորձն է», - ասում է Հրաչն ու նշում, որ դերին համաձայնել է երկար համոզումներից հետո: Հաղորդավարը նշում է, որ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտված են. երեկ նկարահանման վերջին օրն էր։ Դրանք ընթացել են խիտ ու արագացված գրաֆիկով հենց հաղորդավարի զբաղվածության պատճառով. «Նկարահանումները հենց իմ պատճառով են շատ արագ կազմակերպվել, և սա եղել է իմ՝ ֆիլմում նկարահանվելու առաջին նախապայմանը, քանի որ արդեն տարվա սկզբին ունեի հանրապետությունից դուրս պլանավորած ուղևորություն և այն հետաձգելն ուղղակի անհնար էր»:

Իր կերպարի մասին հաղորդավարն ասում է. «Ինձ հետ բացարձակ կապ չունեցող կերպար է, ոչ մի ընդհանուր առնչություն չունենք: Շատ ցուցամոլ անձնավորություն է, ով սիրում է իրեն շրջապատել ինչ-որ իրադարձություններով ու դրա մեջ ապրել, միևնույն ժամանակ, ինքը շատ լավ մասնագետ է՝ իրավաբան է և հմտացած է ամուսնալուծությունների մեջ: Քաղաքի լավագույն մասնագետն է» :

Թե որքանով է դերասանին հաջողվել արդարացնել ֆիլմի հեղինակների սպասելիքները, Հրաչը դժվարանում է պատասխանել, փոխարենը նշում է, որ տարիների փորձ ունեցող թիմի հետ է աշխատել, որի հստակ ու ճիշտ աշխատանքի շնորհիվ էլ հեշտությամբ ինտեգրվել է նկարահանման պրոցեսին. «Սուպերպրոֆեսիոնալ թիմ է աշխատում ֆիլմի վրա, ու հենց դա էլ այն պատճառներից մեկն է, որի շնորհիվ համաձայնեցի ստանձնել ինձ առաջարկվող դերը, որովհետև վստահ էի, որ լավ թիմի հետ եմ աշխատելու»:

Հրաչ Մուրադյանը կատակով նշում է, որ «Սուպեր մամա 2» ֆիլմը հատկապես նախատեսված է հաղորդավարին «չսիրողների» համար. «Իմ գլխին ինչ ասես, բերում են այս ֆիլմում, ու ինձ չհամակրող, չսիրող մարդիկ բավականին ուրախ կլինեն այս առիթով)): Հաստատ ասելու են՝ ո՜ւխ, քիչ էր դրան, մի քիչ էլ թող լիներ: Կոմեդիայի ժանրի լավագույն ավանդույթներով ֆիլմ է, որը ոչնչով չի զիջի առաջինին»,- նշում է Հրաչն ու աշխատանքի պրոցեսի մասին հիշում միայն հաճույքով ու դրական էմոցիաներով։- «Ես լսել եմ ռեժիսորներին, ու մենք միանգամից կադր չենք գնացել, բավական երկար պրոցես ենք անցել մինչև նկարահանման հարթակ հասնելը. խոսքը ընթերցումների մասին է: Այդ փուլում ռեժիսորի հետ փորձում էի կերպարն ու նրա առաջ դրված խնդիրները հասկանալ՝  ո՞վ է նա, ի՞նչ է իրենից ներկայացնում, իսկ արդեն հետո իմ խաղընկեր դերասանների հետ ենք փորձել սցենարը միզանսցեններով և նկարահանման հրապարակում արդեն իրագործում էինք այն, ինչը նախօրորք էինք փորձել»:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է աշնան առաջին կեսին, ու հաղորդավար, իսկ այսուհետ արդեն նաև դերասան Հրաչ Մուրադյանը երաշխավորում է, որ «Սուպեր Մամա 2»-ը հաստատ ոչնչով չի զիջելու առաջին ֆիլմին:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել