Lragir.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ այսօր, երբ լրագրողները հարցազրույց էին վերցնում ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, Ալեքսանյանին ուղեկցող Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունից դուրս եկավ: Նա Սամվել Ալեքսանյանին մեղադրեց լրագրողների հարցերին պատասխանելու համար և ասաց. «Ի՞նչ ես պատասխանում, հեսա կհարցնեն ի՞նչ ես ուտում»:
Այնուհետև Սամվել Ալեքսանյանի հետ հեռանալով լրագրողներից՝ Հայրապետյանն ասաց. «Անդաստիարակ են սրանք»:
Լրագրողները հորդորեցին բացատրել՝ ո՞ւմ նկատի ուներ: Տեսախցիկների առաջ Ռուբեն Հայրապետյանը արդարացավ. «Երեկ մեկը զանգել էր, բան էր ասում, Ալեքսանյանի հետ խոսում էի, էդ էի ասում: Մենք իրար հետ բան ենք խոսում, աղջիկ ջան, պտի քեզ ատչյոտ տա՞մ ես ինչ եմ անում: Ես քեզ բան եմ ասե՞լ»:
Ալեքսանյանը կրկնեց, որ այդ բառն ասաց Հայրապետյանը, բայց լրագրողներին չէր ուղղված:
Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել ֆուտբոլի հավաքականի կրած պարտության մասին հարցին: «Ես ասում եմ՝ չեմ պատասխանում, ի՞նչ ես ուզում»:
Միջամտեց Սամվել Ալեքսանյանը. «Երեխեք, մամուլի ասուլիս կտա Հայրապետյանը, կասի»:
Ռուբեն Հայրապետյանը բարկացավ Ալեքսանյանի վրա. «Արա, էս ի՞նչ ես բացատրում նրանց, ես ինչ պտի անեմ, այ քեզ բան»:
«Բա ինչ անեմ, մեր հարազատներն են»,- արդարացավ Սամվել Ալեքսանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ պարբերաբար Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականն է պահանջում հանրությունը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ինչ ճարպիկ աղջիկ ես բայց, ինչ ճարպիկ, ճկուն մտքի տեր էլի, Հայրապետյանն էլ էդքան միամիտ ա»:
Դիտարկմանը, որ իր մտքի ճկունությանը չի հասնի մեր մտքի ճկունությունը, նա պատասխանեց. «Իհարկե չես հասնի, էդ ինչքան պտի ապրես, որ իմ ճկունությունն ունենաս»:
Սամվել Ալեքսանյանը լրագրողներին հորդորեց էլ հարցեր չտալ: Ռուբեն Հայրապետյանը նորից բարկացավ:
«Սաղ դու ես մեղավոր, Սամո»:
Հետո Հայրապետյանը բողոքեց լրագրողներից: «Արեք, տանս դեմն էլ դուռը փակեք: Մենք իրավուքն չունե՞նք խոսանք, հազար ու մի բան ենք խոսում: Իրանք ամեն ինչ կարան անեն, մենք իրավունք չունենք: Էս քաղաքում ման գալու իրավունք չունենք, զրուցելու իրավունք չունենք», վրդովված ասաց նա:
Մանրամասները տեսանյութում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել