Ցանկանում եմ հասկանալ Հրազդանի քաղաքապետի որդուն ստորագրությամբ ազատ արձակելու որոշման տրամաբանությունը։ Այնպես չէ, որ ես դրակոնյան մոտեցման կողմնակից եմ, բայց խափանման միջոցի մեղմացման համար ծանրակշիռ, մեղմացուցիչ հանգամանքներ են պետք։
Դիցուք՝ Արամ Դանիելյանի որդին վրաերթից հետո միանգամից տեղափոխում էր տուժածին հիվանդանոց կամ էլ գոնե զանգահարում էր շտապ օգնություն ու չէր փախչում հանցանքի վայրից։
Մինչդեռ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կարելի է եզրակացնել երկու բան, որոնցից մեկը հաստատ է․
1․ Արամ Դանիելյանի որդուն ուզել են պլստացնել պատասխանատվությունից, ու անգամ մարդ է եղել, ով իր վրա է վերցրել պատասխանատվությունը, բայց այս տրյուկը չի ստացվել, այդ թվում նաև՝ շնորհիվ հանրային բուռն արձագանքի։ Հետո միայն Արամ Դանիելյանը յուր որդյակին ուղեկցել է ոստիկանություն՝ «ինքնակամ» ներկայանալու ծիսակարգին։ Հավանաբար սա էլ հենց այն Պլան Բ-ն է եղել, որով հույս են ունեցել գոնե խափանման միջոց փոխել։
2․ Արամ Դանիելյանի որդին սառնասիրտ ու հաշվենկատ է իրեն պահել վթարից անմիջապես հետո, եթե Շամշյանի հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, իսկ այն, հիշեցնեմ, չի հերքվել։ Եվ այսպես, ըստ Շամշյանի, վթարից անմիջապես հետո Դանիելյան կրտսերը ոչ թե խուճապահար փախել է դեպքի վայրից, այլ կանգնեցրել է մեքենան, դուրս է եկել, հանել է մեքենայի պետհամարանիշները ու նոր միայն հեռացել է դեպքի վայրից։ Այս ամենը բացառում է նրա գործողությունների աֆեկտիվությունը, և եթե սա հաստատվի, ապա, միանշանակ, ծանրացուցիչ հանգամանք է։
Այլ երկրում և այլ իրականությունում ստորագրությամբ ազատ արձակելու որոշումը գուցե առանձնակի ուշադրության արժանի էլ չլիներ, բայց մենք ունենք նախադեպեր, երբ մարդկային կյանքեր են կտրվել ու աղճատվել, ողջ հանրության համար ակնհայտ են եղել մեղավորն ու ընդհանուր իրավիճակը, բայց միշտ տեղի է ունեցել նույն արատավոր փակ օղակը․ սկզբում խափանման միջոց է սահմանվում ստորագրությամբ չհեռանալը, հետո գլխավոր կասկածյալը կախարդական շարժումով վեր է ածվում վկայի, հետո գործը ջրվում է։ Օրինակներն էլ՝ ինչքան ուզեք՝ Լիսկայի որդյակ և ազգականներ, Վարդանիկի որդյակ ու ազգականներ, ինչ-որ բախտագուշակի որդյակ հանդիսացող Ջունգլ ու ազգականներ․․․
Հիմա ի՞նչ, այս անգամ է՞լ է պարզվելու, որ Հրազդանի «Ռաֆիկը» чистой воды невиновный էր, ու հանրությունը վտանգավոր է նրա համար, թե՞ գոնե մի նախադեպ կունենանք, երբ ինչ-որ միջին օղակի չինովնիկի հղփացած լակոտ պատասխանատվության կենթարկվի՝ իրեն այդքան հղփացրած հայրիկի հետ միասին։