Ամռան տապը հազիվ ճեղքելով` ծաղկավաճառ կինը մոտեցավ ստվերում անգործ կանգնած ու երիտասարդ տղաներին գողտրիկ հայացքներով շոյող սրճարանի աշխատող օրիորդներին` Սիրանուշին ու Մանեին:
-Ծաղիկ առեք, լավություն արեք,- աղերսագին խնդրեց նա:
Օգտվելով հաճախորդների ու տնօրենի բացակայությունից` աղջիկները որոշեցին օգնել կնոջը: Կանգնեցին դռան մոտ ու կիսաբարձր, քաղցր ձայնով դիմեցին անցորդներին.
-Օգնեք մորաքրոջը` ծաղիկ գնեք մեզ համար…
Բոլոր անցորդներն անխտիր, տարօրինակ ու զարմացած իրենց հայացքներով, ձուլվեցին տեսարանին ու դադարեցրին իրենց քայլերը:
- 100 դրամ` մեկ վարդի դիմաց,- ոգևորվեցին բարեգործ օրիորդները:
-Հա, հա, թանկ չեմ ասում, ընդամենը 100 դրամ,- իր հերթին ավելացրեց կինը:
Վայրկյաններն անցնում էին, հետաքրքրասեր անցորդների թիվն ավելանում էր, բայց ոչ ոք իր գրպանին նեղություն չէր ուզում տալ:
- Ես շտապում եմ, բայց ուզում եմ տեսնել՝ վերջն ինչ է լինելու,- զգացմունքային մի տիկին չկարողացավ չարտահայտվել ու շարունակեց հետևել ծաղիկների կյանքի շարունակությանն ու բախտին…
Աղջիկները նայում էին գեղեցիկ, արևավառ վարդերի կիսաբաց աչիկներին և ցանկանում տիրել նրանց… Մի քանի օր լինել ծաղիկների ընկերը… Իսկ ծաղիկների անուշ բուրմունքն ստիպում էր օրիորդներին էլ ավելի առույգ ու ժպտերես հայացքով դիմել անցորդներին:
Հանկարծ, ամեն ինչից կարծես անտեղյակ, չգիտես թե որտեղից մի բարետես ու թիկնեղ երիտասարդ բուսնեց աղջիկների առջև.
- Կներեք, ձեզ մոտ լահմաջո կա՞…
- Ոչ,- բարեհամբույր տոնով պատասխանեց Մանեն ու ավելացրեց,- իսկ դուք չէի՞ք ցանկանա վարդեր նվիրել մեզ` օգնել այս տիկնոջը… Լահմաջո չունենք, բայց Ձեզ քաղցած չենք թողնի…
-Ես սիրում եմ կարմիր վարդեր նվիրել, բայց ինչ արած, այս անգամ էլ դեղին վարդեր կնվիրեմ,- ժպտալով ասաց երիտասարդն ու տասը հազարանոցը մեկնեց Մանեին,- յուրաքանչյուրիդ տասնհինգական վարդ…
-Մանեն ու Սիրանուշն այնպես զարմացան այդ շռայլությունից, որ մի պահ մոռացան անգամ բարի երիտասարդին ներս հրավիրել…
Ծաղկեվաճառ կինն արագ-արագ ջոկեց փնջի ամենագեղեցիկ 30 վարդերը, մեկնեց աղջիկներին, վերցրեց իրեն հասանելիք գումարն, ու անհետացավ անցորդների շարքերի մեջ` աչքերում տանելով հույս և գոհունակություն…
Բոլոր կանգնածները մի մարդու նման ծափահարեցին` չգիտես` համառ ու գթասիրտ աղջիկների՞ն, թե՞ բարի ու անկաշկանդ երիտասարդին… Կարևորը` բոլորը ցրվեցին ուրախ, իրենց հետ տանելով մի փունջ ժպիտ, որը դեռ երկար կյանք պիտի ունենար` մարդկանց հոգսաշատ ու երիտասարդ օրերի խենթությունների կարոտ աչքերում:
Այդ մեկ օրն իրոք տարբերվեց մնացյալ 365 օրերից… Այն մնաց ներկաների հիշողության մեջ` որպես գեղեցիկ ճշմարտություն…
Նարէ Աթոյան