«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է իրանական FARS գործակալությունը:
«Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 7-ի»,- հայտնում է Reuters-ը իրանական Tasnim գործակալության վրա հղումով:
Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Անհայտները ներխուժել են խորհրդարանի շենք Կալաշնիկովի ինքնաձիգերով:
«Պարզվել է, որ Հոմեյնիի դամբարանի մոտ պայթուցիկ սարքը գործի դրած մահապարտը կին է»,- հայտնում է Mehr գործակալությունը:
Դեռևս շատ բան պարզ չէ վերոնշյալ ահաբեկչությունների մանրամասների, կազմակերպիչների, լոգիստիկայի` ֆինանսավորողների, աջակիցների մասին, սակայն Իրանի մայրաքաղաքում ահաբեկչությունները յուրօրինակ «հակահարված» են ԻՊ-ի կողմից` Իրանի` Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված։
Այդ ակցիան ուներ նաև քարոզչական մեծ ենթատեքստ. շիայական աշխարհի կենտրոնում, հենց սրտում ԻՊ-ն ահաբեկչություն է իրականացնում` փորձելով ցույց տալ Իրանի անվտանգության ուժերի թուլությունն ու ահաբեկելու իրանական ժողովրդին, որ «Իրանն այլևս ապահով տեղ չէ, և ահաբեկչությունները կարող են դառնալ պարբերաբար կրկնվող երևույթ»։ Թեհրանն, իհարկե, եզրակացություններ կանի, կուժեղացնի երկրի ներսում անվտանգությունն ու էլ ավելի մեծ ջանքերով հարվածներ կհասցնի ԻՊ-ին Մերձավոր Արևելքի բոլոր անկյուններում, սակայն Թեհրանում ահաբեկչությունների շարքը ահազանգ է նաև ՀՀ-ի անվտանգությանը։
Հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են այցելում ՀՀ։ Ամառվա սեզոնն էլ ակտիվացնելու է այդ գրեթե չվերահսկվող հոսքը. Իրանի հետ դյուրացված վիզային ռեժիմ է, հայ հասարակության «աչքը» սովոր է տեսնել խմբերով իրանցիների երևանյան և հայաստանյան տարբեր փողոցներում ու քաղաքներում։ ԻՊ-ը կարող է փորձել իրանցի զբոսաշրջիկների խմբերի հետ ներթափանցման փորձ կատարել նաև ՀՀ. սիրիական հակամարտությունում Երևանն աջակցում է Ասադին ու կառավարական ուժերին, բազմահազար սիրիահայեր ապաստան են գտել ՀՀ-ում, իսկ հայ-իրանական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։ Ինչպես տեսանք, այսօր Իրանն արդեն ԻՊ-ի ուղիղ թիրախ է դառնում. Իրանում առկա է նաև ժամանակին ավելի մեծաքանակ, այժմ՝ ոչ այնքան, իրանական համայնքը, այդ թվում՝ Թեհրանում` իր եկեղեցիներով, դպրոցներով և այլ ենթակառուցվածքներով։
Իրանի ապակայունացումն ուղիղ հարվածում է ՀՀ-ի ազգային անվտանգությանը։ Իրանում ահաբեկչությունների կրկնությունը (քրիստոնյաների թիրախավորումն և այլն), ԻՊ-ի կողմից Իրանում կարող է հանգեցնել տեղի հայ համայնքի արտագաղթին` հայաթափմանը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով։
Բացի այդ՝ ՀՀ-ն պետք է ուժեղացնի հայ-իրանական սահմանի անվտանգությունը, այդ թվում՝ ՌԴ-ի ФСБ-ի սահմանապահների օգնությամբ, ինչպես նաև այս պահին իր համերաշխությունը հայտնի իրանցի ժողովրդի հետ, այդ թվում՝ քարոզչական տեսանկյունից առաջ անցնելով Ադրբեջանից։
Իրանի «թուլացումը» կարող է ջրի երես դուրս բերել անջատողական տրամադրություններն այդ երկրի տարբեր անկյուններում. ՀՀ-ի համար ամենավտանգավոր ադրբեջանական անջատողականությունն է Իրանի հյուսիսում` ՀՀ-ի հարավային սահմանների երկայնքով։