Ազատության հրապարակն անհանգիստ է. լարված. շուտով կլրանա Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի երկրորդ շաբաթը։ «Ի՞նչ է լինելու» հարցը շարունակում է ծանր տապարի պես կախված մնալ մեր մտքերում ու Ազատության հրապարակի վրա։
Հրապարակը երիզող բողբոջած ու հատուկենտ ծաղկած ծառերը սրում են անհամբեր սպասումի զգացողությունը, շեշտում գեղեցիկ, արդար ու արժանապատիվ ապրելու անքննելիությունը և մղձավանջի վերածում դրա աննահանջ անկարելիությունը։
Հետընտրական ալիքը չի մարում, ու սա բնական է, բացատրելի։ Հայաստանում ընտրությունները երբեք իշխանության ձևավորման գործիք չեն եղել, և որպես կանոն կեղծված ընտրություններին հաջորդում են հետընտրական ցնցումները, մայրաքաղաքի ու երկրի սրտում ունենում ենք վիրավոր հրապարակ, տագնապի, ընդվզումի ալիք։ Ու դարձյալ ու կիրկին արհամարհված իրավունքի, անորոշ ճակատագրի ու անհեռանկար իրականության դեմ պայքարի ալիքը հրապարակ է բերել նրանց, ովքեր Նոր Հայաստանի համար էին քվեարկել, նրանց, ովքեր, անկախ կուսակցական հանգամանքներից, նոր Հայաստանը պաշտպանելու մղումով իրենց կամքն ու իրենց ձայնը տվել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանց, որոնք արդարացիորեն, պարզապես սովորական մարդու պես ուզում են ապրել, անարդարությունից չդառնանալ, չթքել իրենց ծնած հողի վրա ու հեռանալ, նրանք, ովքեր չեն ուզում անկախ հայրենիքում տնվոր ու մուրացկան լինել, պարզապես նրանց, որ խիղճ ունեն, ներքին լույս, ու երեսուն արծաթը չի փակում ոչինչ։ Ու նաև նրանք, որ ուզում են գարունները հայերեն ապրել։
Ու այս հյուծիչ ու անվերջ կրկնվող պատմության մեջ իբրև փրկության փոքրիկ ավիշ երևակվում է Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը։
Ըստ էության Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի առողջացման, իսկ ավելի ճիշտ՝ հակաճգնաժամային ծրագիր է առաջարկում Սերժ Սարգսյանին. արտահերթ խորհրդարանական ընտրություններ, վերահսկողական գործառույթներ, գործադիր պատասխանատվություններ և այլն։
Բարեփոխումների պահանջն այլևս քաղաքական նոր օրակարգ է պարտադրում, թելադրված է նաև սոցիալական, հոգեբարոյական լուրջ հրամայականով։
Ու, որքան էլ փորձենք թերագնահատել պահանջի հոգեբարոյական հիմքերը, այնուամենայնիվ չի կարելի չգիտակցել ու չտեսնել, որ մեր ազգի պարտված, հուսահատ ու հոռետես հավաքական նկարագիրը բացասական ռազմավարական ռեսուրսի է վերածվել. անտարբեր ու հուսահատ քաղաքացին իր ներքին պարտության բեռով վտանգավոր է երկրի անվտանգության հեռանկարի համար։
Տարակույս չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն արմատապես կբարեփոխեն նաև երկրի կառավարման փիլիսոփայությունը, երկրի համակողմանի ճգնաժամը խորացնող կառավարման համակարգը, նաև չաշխատող քաղաքական ինստիտուտներին ապրելու հնարավորություն կտան (ինչի մասին շատ են խոսում քաղաքական մեծամասնությունն ու նախագահը, բայց շարունակում հետընթացը)՝ ապահովելով նաև երկրի կայունությունը չվտանգող քաղաքական սահուն սերնդափոխություն։
Սերժ Սարգսյանի արձագանքը հուսադրող է, քաղաքական կամքի ու պատասխանատվության տեսանելի նոտաներով։
Առջևում հնարավոր երկխոսության ու բանակցության հեռանկարն է՝ տվյալ պարագայում Հայաստանի առողջացման բանալին, փրկօղակը գործող իշխանության համար և, առհասարակ, բոլոր նրանց համար, ովքեր քաղաքական պատասխանատվություն են կրում և կարևորում երկրի կայունությունը։
Կարծում եմ և ուզոււմ եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետության շահը կմղի Սերժ Սարգսյանին լուրջ բովանդային քննարկում ծավալել, լուծումներ գտնել։
Երկխոսությունն ու բանակցությունը քաղաքական ամենահզոր զենքերն են, և հասկանալի է՝ բանակցությունները պիտի ծավալել Հայաստանի խորքային, բովանդակային փոփոխության շուրջ և դրանք նաև հնարավոր զիջումներ են պահանջում:
Առջևում ապրիլի 9–ն է։ Կգտնվե՞ն լուծումներ, թե՞ կգերադասենք խորացող ազգային անհամաձայնությունը հնարավոր բոլոր հետևանքներով՝ ցույց կտա ժամանակը։
Ես հավատում եմ Րաֆֆուն:
Նաև ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը ևս բաց չի թողնի պատմական պահը։
Իսկ Ազատության հրապարակը երիզող բողբոջած ու հատուկենտ ծաղկած ծառերը սրում են անհամբեր սպասումի զգացողությունը, շեշտում գեղեցիկ, արդար ու արժանապատիվ ապրելու անքննելիությունը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/458918870851399?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել