Պատժամիջոցների վերացումը հնարավորություն տվեց Իրանին տնտեսական դաշտում ընդլայնելու իր համագործակցությունը մի շարք պետությունների հետ: Հայաստանը այն երկրներից էր, որը, անկախ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, շարունակում էր զարգացնել իր տնտեսական հարաբերությունները այս պետության հետ:
Այս օրերին երկու երկրների պատվիրակությունները քննարկել են հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել:
Վերը նշված գործընթացները արդյունավետ իրականացնելու շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել երկկողմանի առևտրաշրջանառության ծավալները:
Իրանի համար Հայաստանը «ցանկալի» շուկա է, և խոսքը գնում է ոչ միայն երկրի ներսում հնարավոր առևտրի, այլ նաև այդտեղից ԵՏՄ և ԵՄ շուկա արտահանման մասին: Հիշեցնենք, որ ՀՀ-ն հանդիսանալով ԵՏՄ անդամ, ունի արտահանման արտոնյալ ռեժիմ դեպի ԵՄ շուկա: