Քանդիլի լեռները, որոնք ձգվում են Իրաքի քրդական շրջաններից մինչև Իրանական սահման, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար վերջին մի քանի տասնամյակում հանդիսացել են «դրախտ»: Իրաքյան Քրդստանի բարդ տեղագրությունը և ինքնավարությունը քրդական ապստամբների համար այս լեռները դարձնում են թիկունքային բազավորման հարմար շրջան: Քանդիլի լեռնաշղթան ավելի մեծ լեռնայի համակարգի` Զագրոսի լեռների հյուսիս-արևմտյան մասն է, որը կազմում է Իրաքի հետ Իրանի արևմտյան սահմանը:
Չնայած Քանդիլի լեռների հիմնական մասը Իրանի տարածքում է, սակայն այս շղթայի հյուսիս-արևմտյան հատվածը, որը բաղկացած է մի քանի շղթաներից և հովիտներից, ձգվում է մինչև հյուսիս-արևելյան Իրաք` Դուքան լճի ուղղությամբ: Քուրդ ապստամբները լեռնաշղթայի այս հատվածը օգտագործում են որպես բազավորման շրջան:
Ռազմական գործողությունների ճակատից (որտեղ մարտեր են մղում քրդական ապստամբները) այս լեռների հեռավորությունը այն «դրախտ» է դարձրել մի քանի հազար ապստամբների համար, և ապագայում հնարավոր է այստեղ ավելի մեծաթիվ ապստամբներ հաստատվեն:
Տավրոսի, Զագրոսի (ներառյալ Քանդիլի շղթան) լեռները տարածվում են Սիրիայի հյուսիս-արևելյան, Թուրքիայի հարավային շրջաններում, հյուսիսային Իրաքում և հյուսիս-արևմտյան Իրանում:

 

Հիմքը վերցրված է` http://positivity.files.wordpress.com/2007/10/turkey_south_3d.gif

 

Կտրտված տեղագրություն ունեցող այս ընդարծակ շրջանը հեշտ է պաշտպանել և սահմանափակում է հակառակ ուժերի շարժումը: Իրաքում Քանդիլի լեռների գագաթները տարվա մեծ մասը ծածկված են ձյունով: Չեքա Դառը ամենաբարձր գագաթը ունի՝ 3611 մետր բարձրություն: Այս կտրտված տեղագրությունը բաժանված է մի շարք միջպետական սահմաններով, որոնք այս շրջանը վերահսկելու համար չեն համագործակցում կամ էլ չունեն վերհսկելու կարողություն: Այս աշխարհագրությունը, հոմոգեն քրդական էթնիկ խմբերի առկայության հետ մեկտեղ, թույլ է տալիս PKK-ին տարբեր ճանապարհներով պաշտպանել իրեն: Դեռ ավելին, այստեղի աշխարհագրությունը ստեղծում է վարժանքների համար անվտանգ պայմաններ, շրջանով մեկ սփռված թաքնված ճանապարհներ, որոնք ապստամբներին թույլ են տալիս գործադրել ուժ և զբաղվել մաքսանենգությամբ: Լեռներում լեռնալանջերը ծածկված են ժայռերով, իսկ տերևաթափ անտառները ծածկում են բարձր լեռնային գոտիները: Այս բարդ տեղագրությունը ևս սահմանափակում է լեռներում շարժունակությունը: 1980-ականներին Սադդամ Հուսեյնը այստեղ կառուցեց ճանապարհների ցանց` փորձելով ավելի մեծ վերհսկողություն հաստատել այս շրջանի նկատմամբ և որպեսզի մեքենաները կարողանան տեղաշարժվել: Սակայն քրդական ապստամբները գտնվում են լեռների ավելի բարձրադիր հատվածներում, քան ճանապարհները կարող են հասնել, ուստի` իրենց սնունդը և բեռները տեղափոխելը կախված է ձիերից և ավանակներից:
Քրդերը ապաստան են գտել Քանդիլի լեռներում սկսած Օսմանյան Կայսրության օրերից: Մինչ PKK-ի ապստամբների այստեղ ապաստարան գտնելը, Հյուսիսային Իրաքի քրդական Փաշմերգե( پێشمرگە —քրդ. «դեպի մահ գնացողներ») զինված խմբավորումները Սադդամ Հուսեյնի հակաքրդական արշավների ժամանակ այստեղ էին ապաստարան փնտրում: Այս ժամանակ PKK-ն հաստատվել էր Լիբանանի Բեքաա հովտում և աջակցվում էր Սիրիայի կողմից: PKK-ի ուժերը սկսեցին այս լեռներում հաստատվել, երբ 1991 թվականի Ծոցի պատերազմից հետո Քրդստանի Իրաքյան Հայրենասիրական Միության տարրերը լքեցին այս շրջանները: 1991 թվականին PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալումից հետո ապստամբները հայտարարեցին միակողմանի հրադադար, և դա բերեց նրան, որ ավելի մեծաթիվ ապստամբներ տեղաբաշխվեցին Քանդիլի լեռներում: Այստեղ տեղաբաշխման մյուս ալիքը 2000 թվականին էր, երբ Սիրիան ֆորմալ կերպով դադարեցրեց կազմակերպությանը իր աջակցությունը: 
Քանդիլի լեռները հեռու են գլխավոր բնակեցված և ուժային կենտրոններից՝ դրանով իսկ PKK-ին ընձեռելով ինքնավարության որոշակի աստիճան:
Քուրդ ապստամբները ցրված են շրջանով մեկ, բնակվում են տարբեր ճամբարներում և տեղամասերում: Քրդական ուժերի ապակենտրոնացված լինելը դժվար է դարձնում հակադիր ուժերի կողմից օդային հարվածները կամ հրետանային ռմբակոծումները, սակայն մյուս կողմից այդ ցրվածությունը PKK-ից ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում օժանդակելու ցրված ճամբարներին և դիրքերին:

PKK-ն, նաև վերահսկելով լեռնային շրջաններ մուտքի անցակետերը, հետ է պահում հակադիր ուժերին, ընդ որում այս հանգամանքին նմաստում է նաև սահմանափակող տեղագրությունը: Քրդական ապստամբների բազավորման ճամբարները բավական կայուն են և ստեղծված են մշտական շինություններից: Սրանց թիրախակալումը եղել է փորձություն թուրքական օդային ուժերի համար, որը հարվածել է մի քանի գյուղերի այս շրջանում, որոնք դժվար են տարբերվում ապստամբների ճամբարներից:

Գյուղերի առկայությունը այս տեղանքում կարևոր «ծածկոց» է քրդական ապստամբների համար, որը նաև Թուրքիային ստիպում է օդային հարձակումներ իրականացնելով վտանգել իր դիվանագիտական հարաբերությունները: PKK-ի ապստամբները թաքնվելու համար օգտագործում են լեռնային քարանձավները և իրենց իսկ կառուցած փոքր անցումներ ունեցող քողարկված ստորգետնյա բազաները: Քրդական ապստամբները չեն օգտագործել ինքնաշեն պայթուցիկ սարքեր և ականներ ողջ շրջանում, ինչպես դա արել են մի շարք ապստամբներ աշխարհի նման շրջաններում, սակայն այս դեպքում ցամաքային ներխուժման իրական սպառնալիքի դեպքում քրդական ապստամբները այդպիսի միջոցների ստեղծելու համար ունեն անհրաժեշտ գիտելիքներ:
Սահմանափակող լեռնային տեղանքը նաև կարևոր ազդեցություն ունի խմբերի միջև, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ PKK-ի կապ հաստատելու գործում: Չնայած լեռներում PKK խմբավորումները օգտագործում են կարճալիք ռադիոընդունիչներ և արբանյակային հեռախոսներ, հաղորդակցության մեծ մասը իրականացվում է անհատների կողմից դեպի տարբեր դիրքերը տեղաշարժվելով: Երբ հարցը առնչվում է լեռնային շրջաններից դուրս ընկած հատվածի հետ հաղորդակցվելուն, Կորեկ Թելեքոմը (Korek Telecom)` քրդական գլխավոր բջջային օպերատորը, լեռների որոշ հատվածներում թույլ բջջային ծածկույթի հնարավորություն է ընձեռում: Ինտերնետ մուտքը ամբողջությամբ կախված է արբանյակային կապից: 
Լեռներում PKK-ի հաստատումից ի վեր Իրանը և Թուրքիան հրետանային ռմբակոծումներով և օդային հարվածներով պարբերաբար գրոհել են քրդական ապստամբներին: Իրանի և PKK-ի միջև ոչ պաշտոնական պայմանավորվածությունը 2011 թվականին վերջ դրեց Իրանի` քրդական ապստամբների դեմ ուղղված գործողությունները, սակայն Թուրքիան շարունակել է օդային հարվածները Քանդիլի լեռներում:
Թուրքիայի և PKK-ի միջև նոր հրադադարը կարող է վերջ դնել Թուրքիայի կողմից այս գործողություններին, սակայն կարող է նաև բերել մոտ 4000 ապստամբների աստիճանական նահանջին և հարավում` Թուրքական սահմանից հեռու, Քանդիլի լեռներում կենտրոնացմանը: Սա նշանակում է, որ ապագայում այս լեռներում արագորեն կմեծանա PKK-ի ներկայությունը, սակայն որոշ ապստամբների ներման շնորհումը կարող է շատերին թույլ տալ տեղակայվել Եվրոպայում և նույնիսկ Ավստրալիայում: 
Լեռներում PKK-ի ներկայությունը Քրդստանի ռեգիոնալ իշխանություններին տալիս է որոշ անվտանգության երաշխիքներ այն առումով, որ շրջանը չի վերածվի կենտրոնատեղի ջիհադիստական տարրերի համար, որոնք դիտվում են որպես ավելի մեծ սպառնալիք:
Չնայած այս լեռները տարածվում են Իրաքի Քրդական ինքնավար շրջանում, որը ղեկավարվում է Քրդական ռեգիոնալ կառավարության կողմից, տեղական իշխանությոնները էմբարգոյի միջոցով պաշտոնապես մեկուսացրել են ապստամբներին: Սակայն իրականում իշխանությունները թույլ են տալիս ապստամբներին մնալ Քանդիլի լեռներում, որտեղ PKK-ն վերահսկում է գյուղերը, անգամ կազմակերպում է տեղական դատական համակարգ` ըստ էության լեռները դիտարկելով որպես առանձին պետությունը: Այս այսպես կոչված «պետությունը» կախված է Իրանից և Իրաքի Ռանիա շրջանից պարենի և բեռների մաքսանենգությունից: Այսօր Քրդստանի ռեգիոնալ իշխանության Փեշմերգե ուժերը  վերահսկում են Քանդիլի լեռների շրջակայքը սակայն չեն նախաձեռնում շարժվել դեպի լեռներ և նպատակ չեն հետապնդում տեղահանել քրդական ապստամբներին: Միևնույն ձևով PKK ուժերը խուսափում են խնդիրներ ստեղծել տեղական իշխանությունների համար, ուստի լեռներից դուրս ընկած շրջաններում չեն կրում զենք և չեն հակադրվում տեղական իշխանական ուժերին:
Չնայած ժամանակի ընթացքում PKK, Փաշմերգե և թուրքական ուժերի միջև բարդ հարաբերությունները փոփոխվել են, Քանդիլի լեռներում իրավիճակը մնացել է բավական կայուն:

Նութի աղբյուրը` The Kurdish Qandil Mountains 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել